Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսելով առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգի մասին՝ ասաց, որ այն փոխում է կրթական քաղաքականության վեկտորը. «Նախկինում նախարարությունը խրախուսում էր դպրոցի ընտրությունը, ծնողն ազատ էր դպրոց ընտրելու հարցում, մինչդեռ հիմա ոչ բոլոր ծնողներն են կարողանալու իրենց երեխային ուղարկել իրենց նախընտրած դպրոցը»:
Նրա խոսքերով. «Այս փոփոխությունը մեծ պատասխանատվություն է բերում ԿԳ նախարարության համար, որովհետեւ այսուհետ մարդիկ կարող են նախարարությունից պահանջել, որ բոլոր դպրոցներում ապահովեն լավ կրթություն: Կասեն՝ դուք չեք թողնում, որ իմ երեխան գնա իմ ուզած դպրոցը եւ ինձ ուղղորդում եք մի դպրոց, որը ես չեմ ուզում, բայց ստիպված եմ, որովհետեւ մոտակայքում էլ չկա, ուրեմն դուք պարտավոր եք նաեւ այդտեղ լավ կրթություն ապահովել:
Եթե դպրոցի շենքը լավը չէ, շենքը պետք է փոխեք, եթե ուսումնական գործընթացը լավը չէ, այդ ուղղությամբ պետք է աշխատեք: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում որոշակի խմբերի համար պետք է լինի առաջնահերթություն՝ մեկը թաղամասի բնակիչն է : Շատ կարեւոր է, որ ես ունենամ հնարավորություն իմ երեխային ուղարկել իմ թաղամասի դպրոց, այլապես ես դժվարություններ կունենամ: Այս կատեգորիան պետք է արտոնություն ունենա:
Հասկանում եմ, որ եթե արտոնություն տրվի, կսկսեն կեղծ գրանցումներ անել, ինչպես մի քանի տարի առաջ էր, երբ միայն տվյալ թաղամասի երեխաները կարող էին այդ դպրոցում սովորել, ու մարդիկ ստիպված կեղծ տեղեկանքներ էին տանում:
Կարդացեք նաև
Այսինքն՝ եթե երեխայի քույրը կամ եղբայրն այդ դպրոցում է, ինքն էլ պետք է արտոնություն ունենա, որովհետեւ ծնողի համար խնդիրներ կառաջանան»:
Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ առցանց հերթագրման համակարգը շատ լավ բան է, եթե ԿԳ նախարարությունը կարողանա բոլոր դպրոցներում լավ կրթություն ապահովել: Նրա ասելով, արդարության սկզբունքը ինչ-որ տարրերով պահվում է, ինչ-որ տարրերով՝ ոչ:
Մեր հարցին՝ արդյոք առցանց հերթագրման համակարգը կնպաստի՞ որոշ դպրոցների ապաէլիտարացմանը, քանի որ դրանք կոնկրետ խավի համար էին, կրթության փորձագետը պատասխանեց. «Չեմ կարող ասել, գուցե աշակերտների 5-10%-ը փոխվի, սակայն մոտավորապես նույն համակազմը կլինի դպրոցներում… Միակ բանը, որ լավ է, ծնող-տնօրեն առերեսման բացառումն է, երբ տնօրենը կարող էր ասել տեղ չկա, ու դու մարդ փնտրեիր, որ տեղը քեզ տային»:
Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ դժգոհություններ միշտ էլ եղել են, սակայն դրանք նվազագույն եղել են, այդպես էլ կմնան. «Այնպես չէ, որ 100-ավոր մարդիկ ուզում էին Պուշկինի դպրոց ընդունվել, հիմա ոչ… Հիմա էլ, իմ կարծիքով, տասը-քսան հոգի են դուրս մնում, ուղղակի լավն այն է, որ եթե քո երեխան համակարգչով՝ առցանց է ընդունվել, լավության տակից դուրս գալու խնդիր չունես: Թեեւ հիմա երկրորդ ռաունդը կա՝ ո՞ր դասվարի մոտ պետք է գնա երեխան: Սա էլ է կարեւոր: Շատ հաճախ երեխային դպրոց են տանում ոչ թե դպրոցի, այլ կոնկրետ դասվարի մոտ ընկնելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ