Այսօր խորհրդարանում, իշխող կուսակցության «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, տեղի է ունենում փակ հանդիպում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը շատ կարճ պատասխանել է լրագրողների հարցերին, եւ հանդիպումից առաջ, եւ հետո:
Նա ասել է, որ այս հանդիպումը դեռ Ստեփանակերտի հանդիպման ժամանակ են պայմանավորվել: Բակո Սահակյանն ասել է, որ «Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար իր եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից երաշխավորագիր ներկայացնելը, հայկական երկու պետությունների միջեւ լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չի հետապնդել: Հակառակը, Բակո Սահակյանն ասել է, որ եթե լարվածություն առկա էր, ապա այդ քայլը նպատակ էր հետապնդում թուլացնել լարվածությունը:
Առհասարակ, Բակո Սահակյանը արհեստական մաս է տեսնում լարվածության մասին խոսակցությունները, իսկ եթե կան նման պահեր, ասաց, որ պարտավոր ենք հաղթահարել դրանք: Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է, թե`ոչ, հարցին Բակո Սահակյանը չպատասխանեց:
Բակո Սահակյանը մանրամասնել է` իրենց ներկայացրած երաշխավորության մեջ հստակ նշված է, որ իրենց քայլը ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելուն միտված չէ. «Դա ընդամենը խափանման միջոցը վերանայելու նպատակ ուներ»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցին`Մարտի 1-ին Արցախից զորք բերվե՞լ է Հայաստան, Բակո Սահակյանը պատասխանել է, որ այդ թեմայով բազմաթիվ հայտարարություններ են եղել եւ հավելել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննչական գործողություններ է իրականացրել ու շարունակում է իրականացնել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:
Բակո Սահակյանը պատասխանում է. «Եթե կա այդպիսի նպատակներ, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ»: Նա հավելեց, որ, եթե կան այդպիսի ուժեր, իրենք պարտավոր են բացահայտել այդ մարդկանց։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ