«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հայտարարությունը
«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու, դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին: Մենք ողջունում ենք ռազմական բյուջեի աննախադեպ մեծացումը և սպառազինությունների նոր տեսակների ներմուծումը ՀՀ Զինված ուժեր՝ որպես անվտանգության կարևոր բաղադրիչ և խաղաղություն պարտադրելու անհրաժեշտ քայլ: Մենք փաստում ենք, որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք իշխանություն, որը չի խոսում տարածքային և այլ զիջումների մասին, ավելին իր քայլերով ուժեղացնում է Արցախի և համայն հայության անվտանգության միջավայրը:
Մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի աջակցելու Արցախում կենսունակ համակարգեր և ինստիտուտներ ստեղծելու գործընթացին: Արցախյան քաղաքացիական հասարակությունը, քաղաքական համակարգը, լրատվամիջոցները, տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն Երևանի հիմնարար և որակապես նոր աջակցությանը, ինչը հնարավորություն կտա էականորեն ուժեղացնել արցախյան հասարակությունը՝ բարձրացնելով նրա իմունիտետը արտաքին և ներքին մարտահրավերների դիմաց:
Կարդացեք նաև
Տեղեկանք: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ., երկու տարի անց ԱԺ ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական ուժ: Կուսակցությունը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: 2018թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ժամանակ միակ արցախյան քաղաքական ուժն էր, որն իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանում ծավալված քաղաքացիական անհնազանդության գործընթացին մինչև դրա վերջնական հաղթանակը: Հիմնադրման օրվանից կուսակցությունը ընդդիմադիր է արցախյան կառավարող ուժերին և Բակո Սահակյանին:
Ստեփանակերտ
20 մայիսի, 2019թ.