Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները փակենք, Լինչի դատաստան անենք». Ավետիք Իշխանյանն անհանգստացած է ստեղծված իրավիճակով

Մայիս 20,2019 16:15

«Անցումային արդարադատության դրույթները մեկ տարի առաջ պետք է դրվեին»,-«Քոչարյանի գործը, որպես անցումային արդարադատության ներդրման հրամայական Հայաստանում»,- թեմայով քննարկման ժամանակ «Հոդված 3» ակումբում կարծիք հայտնեց Սեդա Սաֆարյանն`անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո ստեղծված իրավիճակին : Քոչարյանի գործով դատավորի վարքագիծը փաստաբանը համահունչ է համարում այն իրավիճակին, որ կա այսօր, քանի որ դատավորը ծառայել է իշխանությանը, այլ կերպ չէր էլ կարող դրսևորվել: Առհասարակ, նրա դիտարկմամբ, միջնորդության քննության ժամանակ ամեն ինչից խոսում էին, բայցի բուն միջնորդությունից: Արդարադատության համակարգի բարեփոխումները հիմա, այս իրավիճակում, այսպես եւ անհապաղ սկսելուց, ըստ Սեդա Սաֆարյանի վախենալ պետք չէ:

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով էլ, որ ՀՀ-ում դատական համակարգը եղել է գործադիրի կողմից ձեւավորված եւ իրեն էլ հպատակ, նորության չէ, ինքն էլ քանիցս է ասել այդ մասին: Նրա կարծիքով էլ, դատաիրավական բարեփոխումներն այլընտրանք չունեն եւ դա պետք է սկսվեր Սահմանադրության փոփոխությունից, անկախ դատարանների հիմնումից, որի համատեքստում կլիներ զտումը: Ավետիք Իշխանյանին դուր չի գալիս այն ժամանակահատվածն ու ձեւը, որոնք ընտրվել են անցումային արդարադատության կիրառման համար: Ռոբերտ Քոչարյանի գործից չի խոսում, բայց հիշեցնում է «Սասնա ծռեր»-ի գործը, Նորքում ձերբակալված զինված խմբի գործը , Սամվել Բաբայանի գործը, երբ միեւնույն դատավորները նախորդ իշխանության պարագայում այլ կերպ էին քննում այդ գործերը, իշխանափոխությունից հետո, միանգամից սկսեցին այդ մարդկանց խափանման միջոցները փոխելու որոշումներ կայացնել: Իրավապաշտպանը եզրահանգում է անում. «Կապ չունի ե՞րբ են նշանակվել դատավորները, նրանք ծառայում են օրվա իշխանությանը»: Նաեւ հռետորական հարց է հնչեցնում`ինչո՞ւ անցումային արդարադատության մասին հիշվեց, երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց եւ կալանքից ազատեց նրան եւ հիմա. «Մինչեւ հիմա հլու հնազանդ ծառայում էին, հիմա ո՞չ»:

Ինչ վերաբերում է վարչապետի այսօր արած այն հայտարարությանը, որ դատարանները պետք է կատարեն ժողովրդի մեծամասնության կամքը, Ավետիք Իշխանյանը հեգնում է. «Դատարանները փակենք, Լինչի դատաստան անենք: Այսինքն, ժողովրդի մեծամասնությունը կարծում է, որ Քոչարյանը հանցագործ է, նա պիտի նստի՞»:

Ավետիք Իշխանյանի կարծիքով, այն՝ ինչ որ պետք է լինի, քիչ աղերս ունի անկախ դատաիրավական համակարգի ստեղծման եւ դատաիրավական բարեփոխումների հետ: Նա գտնում է, որ ամենն ուղղված է դատավորներին հնազանդեցնելուն: Թե նախաձեռնված իբր բարեփոխումներն այս իրավիճակում եւ այս պայմաններով ի՞նչ հետեւանքների կբերեն, նա չի պատկերացնում, բայց անհանգստացած է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Իրավապաշտպանին անհանգստացրել է նաեւ նախօրեին հակաքոչարյանական ցույցի ժամանակ, թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը: «Սա հաշվեհարդարի մասին է խոսում»,- ասաց նա: Սեդա Սաֆարյանին էլ անհանգստացնում է Քոչարյանի կողմնակիցների` իր եւ իր եղբոր`Ստյոպա Սաֆարյանի վրա հարձակումը, դատի առաջին օրը: Ասում է, բարոյականությունից, օբյեկտիվությունից եւ ինչ-որ բաներից են այդ քննարկման ժամանակ խոսում, բայց Սիրուշոյի երգն էին միացնում քոչարյանականները` Գոռ Քլոյանի հոր կողքը: Իսկ որ ամենակարեւորն է, ըստ նրա, «Քոչարյանի վեջ էլ չի, որ 2008-ին դեպք է տեղի ունեցել»: Ինչեւէ, Սեդա Սաֆարյանն էլ կողմ չէ, որ ժողովուրդը դատավճիռ ասի:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով էլ, դատական իշխանությունն իր նկատմամբ վստահությունը պիտի ձեւավորի արդարադատության իրականացմամբ, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին, իշխանությանը հաճոյանալու սկզբունքով: Այլապես դեպի բռնապետություն մեկ քայլ է: Նա հիշեցնում է, որ թե հեղափոխությունից առաջ, թե հետո, քաղհասարակության ինստիտուտները խոսում էին անցումային արդարադատության մասին, ինչի մասին հիմա բոլորը միանգամից ոգեւորված սկսեցին արտահայտվել: «Ես չէի ցանկանա որ դատական իշխանության հարցը կապվեր որեւիցե գործի հետ»,- ասաց նա: Բայց, ի տարբերություն Ավետիք Իշխանյանի, ինքը գիտի, թե ինչո՞ւ դա հիմա խոսվեց կամ հիմա է փորձ արվում իրականացնել դա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արթուր Սաքունցին այս ամբողջ պատմության մեջ ՀՀ Արդարադատության նախարարության լռությունն է տարակուսելի: Նա ևս «ընտրովի արդարադատության» տարրեր է տեսնում եւ չի հասկանում, օրինակ, թե ինչո՞ւ Նորքի զինված խմբի գործով 30 մարդու խափանման միջոցը փոխված է, Արթուր Վարդանյանինը`ոչ: Նա համամիտ է`բոլորը պետք է զտման ենթարկվեն եւ դա վաղուց պետք է լիներ: Հիմա էլ տարակուսում է. «Հաջորդ վտանգը ԱԱԾ-ից է գալու, գուցե`ոստիկանությունից, մյուսից. պետք է սպասենք վտանգը գա, նո՞ր քայլեր անենք: Չէի ցանկանա, որ համակարգային խնդիրների լուծումը դարձնեինք քաղաքական, ամենքն իր երեսը լվանար»: Ի դեպ, ըստ նրա, եթե յուրաքանչյուր ուժ իր վրա վերցներ իր իշխանության շրջանում եղած իրադարձությունների պատասխանատվությունը, իրավիճակն այսօր այլ կլիներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031