Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք փաստաբան չեք, դուք քաղաքական գործիչ եք». Սեդա Սաֆարյանն ու Ավետիք Իշխանյանը վիճեցին

Մայիս 20,2019 15:49

2008 թվականի «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած թեզի հետ`Հայաստանի դատավորները պետք է վեթթինգի ենթարկվեն: «Հայաստանի դատավորները պետք է ստուգվեին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո»,- «Քոչարյանի գործը, որպես անցումային արդարադատության ներդրման հրամայական Հայաստանում»,- թեմայով քննարկման ժամանակ՝ «Հոդված 3» ակումբում, կարծիք հայտնեց Սեդա Սաֆարյանը: Իր կարծիքը նա այսպես է հիմնավորում` 2008-ին տեսել ենք դատական իշխանությունն ինչպես է ծառայում գործադիր իշխանությանը եւ այդքան էլ բարդ չէր դատավորների ստուգումն իրականացնել անմիջապես: Այս առումով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը բավական ուշացել է: Նա համամիտ է վարչապետի այն կարծիքի հետ էլ, որ նույն դատավորներն իրենք պետք է գիտակցաբար մոտենային այս հարցին, պետք է դիմում գրեին եւ հեռանային համակարգից:

Ավելի ուշ իր ելույթում իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դիտողություն արեց Սեդա Սաֆարյանին`նկատելով, որ այդ վիճակը ՀՀ դատաիրավական համակարգում 1995 թվականից է, ժամանակացույցը ճիշտ պետք է ընտրենք: Սեդա Սաֆարյանն ասաց, որ չի հասկանում Ավետիք Իշխանյանի դիտողությունը եւ բացատրեց, որ, իր կարծիքով, 2000-2008 թվականներն աչքի են ընկել հակաիրավական մեթոդների կիրառմամբ, մնացածին սուրբ չի համարում, բայց 2008-ին, կարծում է, որ մարդիկ 1937 թվականի կանոններով դատվեցին: Նաեւ հիշեցրեց, որ երբ «Մարտի 1-ի գործը վերաբացվեց, ինքն առաջինն է հայտարարել, որ չի գտնվի տաս անկախ դատավոր, որոնք քննեն գործը»:

Սեդա Սաֆարյանն այնուհետեւ սկսեց խոսել «Մարտի 1-ի գործի մանրամասներից: Դրա համար նորից արժանացավ Ավետիք Իշխանյանի դիտողությանը, որ այդ գործի մասին չենք խոսում, խնդիրն ավելի համակարգային է: Արդյունքում, Սեդա Սաֆարյանն ու Ավետիք Իշխանյանը վեճի բռնվեցին: «Դուք փաստաբան չեք, դուք քաղաքական գործիչ եք»,- Սեդա Սաֆարյանին ասաց Ավետիք Իշխանյանը: Ապա նա հիշեցրեց, թե 1995-ին այսօր Սեդա Սաֆարյանի պաշտպանյալ Մուշեղ Սաղաթելյանը մեկուսարաններում ինչպես էր ծեծի ենթարկում մարդկանց, ինչպես էր Դավիթ Վարդանյանին ատրճանակի խզակոթով հարվածում եւ այլն: Սեդա Սաֆարյանն էլ հակադարձեց, թե Ավետիք Իշխանյանը անձնական շահագրգռություններ ունի այդ հարցում:

«Ներկայիս գլխավոր դատախազը, որը նախորդ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչն էր, որը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ էր հարուցում, այսօր հասարակության հերոսն է, որովհետեւ ամեն ինչ հասկանում է: Մի դատավոր, որը «Պապլավոկի» եւ այլ հնչեղ գործեր էր քննում, հիմա Մանվել Գրիգորյանի գործն է քննում, հիմա նա շատ լավն է, որովհետեւ հլու հնազանդ է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031