Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուլամորթ, անգիտակից եւ հանցագործ դատավորներին պետք է հեռացնել համակարգից, սա լյուստրացիա է, ժողովո՛ւրդ». Նինա Կարապետյանցը միացել է ցույցին

Մայիս 20,2019 15:33

«Սա ժողովրդի պահանջն է, եւ կասեմ, որ ինքը անգամ ուշացել է: Պետք է այս դատարանները լուծարվեին 6-8 ամիս առաջ: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ օրինական է: Որտեղ օրենքը խանգարում է մարդկանց իրացնել իրենց իրավունքը, ուրեմն օրենքը պետք է այդտեղ մոռանալ: Եկեք հասկանանք, որ ժողովուրդը կրողն է իրավունքի եւ սուտ բարեպաշտությունները թող պահեն իրենց»,- Վերաքննիչ քրեական դատարանի մոտ բողոքի ցույցին միացած փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց, երբ հարցրեցինք՝ վարչապետի կոչով դատարանների մուտքն ու ելքն արգելափակելը Սահմանադրության խախտո՞ւմ է, թե՞ ոչ:

Նրա խոսքով՝ «Սա այն Սահմանադրությունը չի, որ ժողովուրդն է ընտրել ու սա այն դատարանը չի, որը ծառայել է ժողովրդին ու օրենքին, այնպես որ, այս դատարանները տեղ չունեն խոսելու: Դատավորները Սահմանադրության խախտման, օրենքի ոտնահարման մասին թող չխոսեն, դա կեղծ օրակարգ է եւ կեղծ արժեքներ»:

Այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը հորդորում են ձեռնպահ մնալ այս տիպի գործողություններից ու կոչերից, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը գտնում է, որ Սահմանադրություն է խախտվել՝ Նինա Կարապետյանցն արձագանքում է. «Քանի որ ինքս միշտ կոչ եմ անում վիրավորանքներ չհնչեցնել, կփորձեմ հնարավորինս կոռեկտության մեջ մնալ: Բայց ո՞ւր էր էդ Փաստաբանների պալատը, երբ փաստաբաններին հետապնդում էին, էդքան տղամարդկություն չունեցավ, էդքան ուժ չունեցավ իր մեջ իր փաստաբաններին պաշտպանելու օրենքով: Հիմա սա լյուստրացիա է, ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է: Կարծիքները կարող է տարբեր լինեն, ամեն մեկը կարող է մի բան ասի, բայց սա լյուստրացիայի նման մի բան է, ոչ մեկից մի նեղվեք, ամեն մեկն իր իրական դեմքը բացահայտում է: Ամեն ինչ իր կարգով, շնորհքով, սիրուն գնում է: Դատարանները պետք է փոխվեն, էս դատարանը ծառայում է մինչեւ այսօր հանցավոր ռեժիմին, ոչ օրենքին է ծառայում, ոչ էլ ժողովրդին, պիտի ասենք իրենց՝ բարի ճա-նա-պարհ»:

Հարցին՝ մենք այդքան կադրեր ունե՞նք նրանց բոլորին փոխելու, կամ եթե ոչ բոլորին պետք է փոխել, ինչպե՞ս տարանջատել՝ Կարապետյանցը պատասխանեց. «Առնվազն կան մի խումբ դատավորներ, որոնք նվազագույնը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն պարտադիր: Դրանք այն դատավորներն են, որոնց մեղքով տարիներ շարունակ բացարձակ անմեղ մարդիկ փտել են բանտերում: Էդ մարդիկ պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն: Մի մասը, եթե առհասարակ ունի գիտակցություն, պիտի թողնի հեռանա, մի մասը կարող է նաեւ մնալ, որովհետեւ ոչ բոլորն են սրիկա ու տականք: Անուններ չեմ հնչեցնի, բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել, ուղղակի համակարգն այնպես է կոռումպացված, այնպիսի կեղտի մեջ է խրված, որ ինքը չի թողնի էդ դատավորներին աշխատել: Այնպես որ պիտի փորձել ու շատ արագ: Այն կոմպրոմատները, որոնց մասին ես խոսում էի սրանից մեկ տարի առաջ ու շատերը քմծիծաղ էին տալիս, կյանքը ցույց տվեց, որ այդ կոմպրոմատները կան, այդ դատավորներին ստիպել են որոշակի գործողություններ անել անօրինական եւ այդ գործողությունները իրենց դեմ օգտագործվում են: Պետք է շատ արագ անել եւ թուլամորթ, անգիտակից եւ հանցագործ դատավորներին պետք է հեռացնել համակարգից: Եթե ՀՀ-ում չկան այնպիսի մասնագետներ առնվազն գոնե 100-200 մարդ չենք կարողանա գտնել, ովքեր կարող են որպես պրոֆեսիոնալ իրավաբաններ փոխարինել դատավորներին, ես կարծում եմ, որ մենք կործանվում ենք, բայց մենք ունենք այդքան մարդ, ամեն ինչի ռեսուրս էլ ունենք: Պարզապես պետք է հնարավորություն ստեղծել արագ փոփոխությունների հասնել»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031