Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությո՞ւն, թե դատական համակարգի հին արատներ թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց. «Որ մեր դատական համակարգը արատավորված է, որ արդարադատություն ցայսօր էլ չունենք, քննարկումից դուրս է: Դա գիտեին բոլորը եւ Նիկոլ Փաշինյանը: Կարծում եմ, նա մեկ տարի առաջ պետք է դրանով զբաղվեր՝ մեկ տարի ուշացել ենք, բայց ոչ մեկընդմիշտ: Եթե հեղափոխություն ենք իրականացրել, անկախ նրանից, թե թավշյա է, թե բրդյա, հեղափոխությունը պետք է լինի իմաստավորված: Պետք է բոլոր ոլորտներում իրականացնի փոփոխություններ: Իշխանափոխություն իրականացնել եւ ասել, թե սա հեղափոխություն է եւ վերջ, որ ամեն ինչ, բոլոր բնագավառները ինքնըստինքյան կուղղվեն, ինքնախաբեություն էր:
Հիմա Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտնվել են փակուղու փաստի առաջ եւ փորձում են մեզ վերադարձնել հետ՝ անցած տարվա մայիսի այս օրերը: Անցած տարվա այս օրերին այդ կոչը կլիներ շատ ավելի տրամաբանական: Հիմա, կրկնում եմ, գուցե ուշացել ենք մեկ տարի, բայց ուշացած չի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի