Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքն արգելափակած ցույցի մասնակիցները 12:00-ին հավաքվեցին դատարանի շենքի մոտ կայանած ավտոմեքենաների շուրջ՝ ռադիոյով լսելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը: Նրանց մեջ էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը վստահ է՝ դատական համակարգում վիրահատական միջամտությունը հաջողությամբ կպսակվի:
«Վարչապետը հանգամանալից անդրադարձավ դատական համակարգում բոլոր մտավախություններին: Այո, անհրաժեշտ է ունենալ նոր, ժողովրդին ներկայացնող դատական իշխանություն: Մենք այսօր ունենք իշխանությունից անկախ դատական համակարգ, սակայն կան դատավորներ, բնականաբար, ոչ բոլորը, որոնք սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ ինչ-որ ուժերի շահեր: Գործընթացը հեշտ չի լինելու, չգիտեմ, թե մեխանիզմներն ինչպիսին կլինեն, բայց վստահ եմ, որ գործընթացը հաջողությամբ կպսակվի»,-Aravot.am-ին ասաց Հրաչյա Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ