Երեւանի քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ վաղ առավոտից բողոքի ցույց է՝ վարչապետ Փաշինյանի կոչով: Այստեղ էր նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրության բոլոր կողմերը անվստահություն ունեն դատական համակարգի նկատմամբ, եւ բոլորը սպասում էին, որ համակարգը կբարեփոխվի, սակայն նման բան տեղի չունեցավ, եւ նման իրավիճակը ճգնաժամ է առաջացնում:
Նա համամիտ չէ, այն կարծիքների հետ, որ Փաշինյանի հայտարարությունն ու դրան հետեւած գործողություները հակասահմանադրական քայլեր են, եւ սահմանադրական կարգի տապալում:
Արդյոք սահմանադրական դատարանն ու ԲԴԽ-ն այս ընթացքում անելիք ունեին, եւ չեն արել, որպեսզի դատական համակարգում բարեփոխումներ լինեն: Մեր այս հարցին ի պատասխան, Նազարյանն ասաց, թե ակնկալվում էր որ նշված մարմինները քայլեր կձեռնարկեին. «Ոչ մեկը չէր խոսում դատական համակարգի խնդիրներից: Ես անձամբ ակնկալում էի, որ այս մեկ տարվա ընթացքում դատավորների համայնքը պետք է խոսեր խնդիրներից, բայց այնպիսի տպավորություն էր, որ ամեն տեղ կային խնդիրներ, իսկ դատական համակարգում չկան: Ոչ մեկը չի ընդունում, որ դատարանը գործել է անկախ. Սա է խնդիրը»,-ասաց Նազարյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է. «Իր 19.05.2019 թվականի կոչերով պարոն Վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարեւոր մի դրույթ, ուղղակիորեն անելով այն, ինչը ես, որպես ամենաբացասական կանխատեսում, ներկայացրել էի Եվրոպական դատարանին»:
Այս առնչությամբ Նազարյանն ասաց՝ այս ամենը Քոչարյանի գործի հետ կապ չունի:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունն ու այսօրվա ցույցերը ճնշում չեն դատարանի վրա. «Բացարձակ ճնշում չկա»: Նազարյանի կարծիքով՝ սա ուղղակի հնարավորություն է, որ դատավորներն ազատորեն խոսեն ոլորտի խնդիրների մասին:
Հարցին՝ ինչպես կգնահատի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ իր ուսանողներին դասադուլ անելու կոչերը, Նազարյանն ասաց՝ սխալ էր, բայց պատգամավորները պետք է միշտ իր ընտրողների կողքին լինի. «Ես էլ որպես պատգամավոր պարտավոր եմ լինել քաղաքացիների հետ: Ես չեմ պատկերացնում, որ մի տեղ հավաք լինի, եւ ես իմ ընտրողների կողքին չլինեմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ