Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաճառքը պետք է իրականացվի ավտոկայարանների հետ պայմանագիր ունեցող կազմակերպությունների տոմսարկղերից

Մայիս 20,2019 13:00
dat

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության ներկայացուցիչը վարչական դատարան է դիմել տեսչության կենտրոնական վերահսկողության բաժնի տեսուչ Հ. Բաղդասարյանի կողմից «Հայրենիք Տուր» ՍՊ ընկերության նկատմամբ արձանագրություն կազմելու հետ կապված: 2017թ. հունիսին կազմվել է թիվ 027190 արձանագրությունը` Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 34/13 հասցեում, առանց համապատասխան պայմանագրի, միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառք իրականացնելու փաստի հայտնաբերման հիմքով։

Տրանսպորտային տեսչության պետի որոշմամբ՝ «Հայրենիք Տուր» ընկերության տնօրեն Գրիգոր Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 300.000 ՀՀ դրամի չափով։ Այդ գումարը, սակայն, չի վճարվել։ Հայցվորը պահանջում է պատասխանողից բռնագանձել 300.000 ՀՀ դրամը։

Նկատենք, որ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը հարուցվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ի մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` միջքաղաքային եւ միջպետական երթուղիների ուղեւորների տոմսավորումն իրականացվում է ավտոկայարանների եւ ավտոկայանների, ինչպես նաեւ դրանց հետ պայմանագիր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ կանգառներում` ավտովարորդների կողմից։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.2-րդ հոդվածի վեցերորդ մասի համաձայն` ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային եւ միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Դատարանը փաստել էր. «Բացառությամբ միջանկյալ կանգառների, մյուս բոլոր դեպքերում, միջքաղաքային եւ միջպետական երթուղիների ուղեւորատոմսերի վաճառքը պետք է իրականացվի ավտոկայարանների եւ ավտոկայանների կամ դրանց հետ պայմանագիր ունեցող կազմակերպությունների տոմսարկղերից, որպիսի պահանջի չկատարումն օրենսդիրը դիտել է որպես վարչական պատասխանատվության ենթակա արարք»։
Դատարանն արձանագրել էր նաեւ, որ վարչական ակտը կարող է հիմնավորված լինել բացառապես վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված եւ հետազոտված ապացույցերով եւ նյութերով, ինչը նշանակում է, որ վարչական վարույթից դուրս ձեռք բերված, այդ թվում նաեւ` վարչական ակտի կայացումից հետո ձեռք բերված ապացույցները չեն կարող հիմք հանդիսանալ վարչական ակտի հիմնավորման համար. «Անթույլատրելի է ոչ բավարար կամ ոչ լիարժեք ապացույցների հիման վրա անձի իրավունքներին միջամտող վարչական ակտ կայացնել, իսկ հետագայում փորձել այլ ապացույցներով հիմնավորել վարչական ակտը, քանի որ այդ պայմաններում կխախտվի անձի` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական մարմնի առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը»։

Վարչական վերաքննիչ դատարանը օրեր առաջ հրապարակել է որոշումը, որին կանդրադառնանք առաջիկայում:

Նշենք, որ վարչական դատարանը որոշել է տրանսպորտային տեսչության հայցը` Գրիգոր Ղազարյանի դեմ, մերժել` անվավեր ճանաչելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության պետի որոշումը:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ, 

18.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031