Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր երկրներից է Ադրբեջանը նախատեսում շարունակել զինվել

Մայիս 20,2019 14:00

Եվրոպայի երկրների հետ Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում որոշակի համագործակցություն ունի, բայց վերջերս Ֆրանսիայից երկու տեսակի զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին տեղեկություններին պաշտոնական հաստատում այս պահին չկա: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ադրբեջանի եւ ռազմական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ ԵՄ երկրները հետեւում են 1992թ.-ի ԵԱՀԽ կոչին՝ հակամարտության կողմ հանդիսացող երկրներին մահաբեր զենքի արգելքի վերաբերյալ:

«Այս դեպքում չեմ կարծում, թե Ֆրանսիան նման խախտում թույլ կտա: Քանիցս այդ մասին եղել են հայտարարություններ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք մահաբեր զենք չեն վաճառում, բայց Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի գործակցություն եղել է: Տարիներ առաջ Ադրբեջանը Ֆրանսիայից ձեռք է բերել ցածր գեոդեզիական արբանյակներ, որոնք, ի դեպ, օգտագործում է ռազմական նպատակով՝ նկարահանումների համար: Վերջերս էլ թուրքական ընկերության օգնությամբ բանակի կազմում արբանյակային կապի ղեկավարման կենտրոն հիմնեցին, որում, համոզված եմ, ֆրանսիական արբանյակն է օգտագործվում: Այս առումով, կարծում եմ, Ֆրանսիայից որոշակի բացատրություն պետք է ստանալ, բայց մահաբեր զենքի մասին վաճառքի տեղեկությունների չեմ հանդիպել»,- պատմեց Տարոն Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ Եվրամիության եւ Ադրբեջանի երկրների միջեւ զենքի վաճառքի գործընթացը թափանցիկ է՝ զեկույցների մակարդակում, եւ մինչ օրս եվրոպական որեւէ երկրի կողմից Ադրբեջանին մահաբեր զենքի վաճառքի մասին տվյալներ չկան: Իսկ թե սպառազինության գնման ինչ պլաններ ունի Ադրբեջանը, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այժմ փորձում են ակտիվացնել գործակցությունը Պակիստանի հետ. «Թեեւ Պակիստանի հետ Ադրբեջանն ունի դրական քաղաքական հարաբերություններ, բայց ռազմական գործակցությունը թեթեւ մակարդակում է: Ամենաթարմ օրինակը վերջերս Պակիստանից գնված՝ մարզումների համար նախատեսված թեթեւ-ուսումնական ինքնաթիռներն են: Այս պահին էլ բանակցում են թեթեւ կործանիչների գնման համար:

Դրանք Չինաստանի եւ Պակիստանի համատեղ արտադրության են»: Տարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի ավանդական շփումները զենքի գնման ուղղությամբ շարունակվում են. «Ռուսաստանը դեռեւս առաջատարն է այս հարցում, թեեւ նոր գործարքների մասին խոսակցություններ հիմա չկան: Նախորդ պայմանագրերի սպառազինությունն Ադրբեջանը դեռեւս ամբողջությամբ չի ստացել: ՌԴ-ին հաջորդում են Իսրայելը, Բելառուսը: Թուրքիայի հետ էլ փորձում են շփումներն ակտիվացնել: Սա նաեւ Եվրոպայի երկրներին է վերաբերում: Եթե գնման գործընթացը չի ստացվում, Ադրբեջանն, այնուամենայնիվ, հայտարարում է այդ մասին, ինչպես Ֆրանսիայի դեպքում՝ փորձելով վարկաբեկել այդ երկրին կամ ԵԱՀԿ Մինսկի խմբին»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031