Հակափաստարկներ են հնչում, որ դատարանները շրջափակելով՝ Սահմանադրությունն է խախտվում, ՄԻՊ-ը, տարբեր կուսակցություններ կոչ են անում ձեռնպահ մնալ նման գործողություններից:
Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ցույցին մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա ասաց, որ եթե այդպես լիներ, ուրեմն կստացվի, որ 2018-ի ապրիլին ՀՀ քաղաքացիների գործողությունները հակասահմանադրական են եղել. «Այդ ժամանակ արգելափակվել էր ոչ միայն դատարանների, բոլոր պետական հիմնարկների գործունեությունը: Չեմ կարծում որեւէ խախտում կա: Շատ ավելի լուրջ խնդիր է, երբ դատարանը չի ծառայում քաղաքացիներին»:
Հարցին՝ երբ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին արգելափակել, շրջափակել դատարանները, չի՞ ստացվում, որ գործադիր իշխանության ղեկավարը միջամտում է դատական իշխանության գործունեությանը՝ Թունյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանության ղեկավար լինելուց բացի՝ ՀՀ քաղաքացի է, նաեւ «Իմ քայլը» շարժման առաջնորդ: Դա ոչ թե միջամտություն է, միջամտություն կլիներ, երբ ինքը զանգեր եւ ստիպեր դատավորներին որեւէ որոշում ընդունել: Այդպես չի»:
Ֆեյսբուքում գրառումներ են անում, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ տարի իշխանության լինելով՝ չի լուծել դատական իշխանության հարցը եւ դեռ ընդդիմադիրի կեցվածքի մեջ է, փորձում է ցույցերով հարցեր լուծել, նա ունե՞ր լծակներ դատական համակարգը մաքրելու՝ Թունյանն այս առնչությամբ ասաց, որ նախկինում հենց այդպես էլ մտածել են, որ եթե վարչապետ ես, դու կարող ես ճնշումներ գործադրել դատարանի վրա եւ հարցերը լուծել:
Կարդացեք նաև
Ցուցարարներից մեկը դատարանի մոտ առաջարկում էր դատավորներին պատժել. «Պետք է այ սենց գցեն գետին, զիբիլի ավելով ավլեն, տանեն Սանիտեքի ավտոն ու Սովետաշեն էլ չտանեն: Սրանք նախկին հանցավոր ռեժիմի ծնունդ են, քսան տարի անարդար վճիռներ են կայացրել՝ ի վնաս ժողովրդի ու հօգուտ հանցագործի, դաժե մարդասպանին հերոսացրել են, այ ըտենց վճիռ են կայացրել: Էնքան են հաբռգել, որ ես դատավոր գիտեմ՝ զոքանչի բարեկամի անունով ունեցվածք ունի, ես կարամ ապացուցեմ էլ: Էդ իրանց անունով չեն գրում, որ դեկլարացիա ներկայացնեն, թե ունեն մի հատ Ժիգուլի ու մի տուն, որ երկրաշարժից ավերակ է»:
Այս տիպի կոչերից զատ, մի սիրառատ երիտասարդ զույգ բողոքի ցույցի ժամանակ կանգնել էր Վերաքննիչ դատարանի մոտ ու ջերմորեն գրկախառնվել՝ ապահովելով սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ