Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակցություն-զորավարժություն՝ ռեժիմում

Մայիս 20,2019 12:00

Ադրբեջանը նոր լայնամասշտաբ զորավարժությունների է նախապատրաստվում

Օրերս, Բրյուսելում Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վայրին ու ժամկետներին, նշել էր, որ հաջորդ հանդիպման հավանական վայրը Վաշինգտոնն է, սակայն սխալ կլինի հյուրընկալող կողմի անունից որեւէ հայտարարություն անել:

«Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք, որ մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, եւ հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն՝ համաձայնել։ Սկզբունքորեն մենք որեւէ խնդիր չունենք։ Ակնկալվում է, որ հաջորդ հանդիպման վայրը Վաշինգտոնն է։ Բայց սխալ կլինի որեւէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»,- ասել էր Մնացականյանը:

Ավելի վաղ, նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան: «Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում կլինի նախարարների հանդիպումը, սակայն պետք է այն նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկի կողմից առաջարկ կա նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու»,- ասել է նա:

Որ Միացյալ Նահանգները կարող է ապագայում ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, ամսվա սկզբին ասել էր նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը:

Միջնորդներն, այսպիսով, նախապատրաստում են արտգործնախարարների նոր հանդիպում, որից կարելի է ենթադրել, քննարկելու նյութ, այնուամենայնիվ, կողմերը ունեն՝ չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության վերաբերյալ կողմերը ունեն հակադիր դիրքորոշում:

Մինչ միջնորդները կնախապատրաստեն նոր հանդիպում, Ադրբեջանը եկող շաբաթ հերթական լայնածավալ զորավարժությունը կանցկացնի վերջին տասը ամիսների ընթացքում՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունները՝ 10 հազար զինծառայողի մասնակցությամբ:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները՝ օպերատիվ-մարտավարական վարժանքներն անձամբ ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, կխաղարկվի պաշտպանական-հակահարձակողական սցենար: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է»,- նշվել է երկրի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: Նաեւ նշվում է, որ բացի մեծաքանակ զինվորական անձնակազմից, զորավարժություններում կներգրավվեն նաեւ 150 միավոր տանկ եւ այլ զինտեխնիկա, մինչեւ 200 միավոր հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 35 միավոր ուղղաթիռ եւ ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Բաքվում կայացել էին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2019» անունը կրող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ շուրջ վեց տասնյակ միավոր ռազմական տեխնիկայի, երեք տասնյակ միավոր հակատանկային, հրետանային տեխնիկայի, շուրջ 20 ռազմատրանսպորտային ուղղաթիռների, երկու երկրների հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրների ներգրավմամբ:

Իսկ այս տարվա մարտ ամսին Ադրբեջանի նախորդ խոշոր վարժանքները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաստատած ծրագրի շրջանակում, մինչեւ 10 հազար զինծառայողների, 500 տանկերի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի եւ այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ էին տեղի ունեցել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031