«Մենք ՀՀ հպարտ, դուխով քաղաքացի ենք, ազատագրված: Ժողովրդի անդորրը խանգարվել է, հոգեկան խանգարման մեջ ենք բոլորս, մեր թշնամիների՞ն ենք ծիծաղեցնում մեր բոլորի վրա: Սա ժողովրդի պահանջն է, ոչ թե մենակ Նիկոլ Փաշինյանի ասածով ենք շարժվում, Նիկոլ Փաշինյանը դա ժողովուրդն է, մենք ենք ձայն տվել Նիկոլ Փաշինյանին»,- Վերաքննիչ դատարանի մոտ ասում էին ցուցարարները:
Հակափաստարկներ են հնչում, որ գործադիր իշխանության ղեկավարը միջամտում է դատական իշխանության գործերին՝ ցուցարարներն ասացին. «Մինչեւ հիմա չի միջամտել, որ միջամտեր, այսպես չէր լինի: Չի կարելի էսպես դատել, մենք իրոք ՀՀ հպարտ քաղաքացի՞ ենք, թե՞ ինչ ենք, չի կարելի ժողովրդի ինքնասիրությունը ոտնահարել: Իսկ Ղարաբաղի նախագահները կարո՞ղ են միջամտել: Դատարանում կարո՞ղ էին Քոչարյանի հետ ողջագուրվել, դա մեզ վիրավորել է»:
Կարդացեք նաև
Ցուցարարներից մեկն ասաց. «Մենք այսօրվանից քուն ու դադար չունենք, արյան գնով պիտի գանք մասնակցենք, որ տապալենք, միայն ֆեյսբուքում գրելով չի: Նստում են տանը շատերը եւ ֆեյսբուքում սուրճը խմելով մասնակցում են, կարգը էդպես չի: Եթե դու ազնիվ քաղաքացի ես ու քո շահերի, քո երեխաների համար ես պայքարում, պետք է դուրս գաս պայքարի, որ հասնես ինչ-որ բանի»:
Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ այսօր դատարանների մոտ վարորդները անցնում են ազդանշաններով, մեքենաների մեջ միացնում են «Դուխով» երգը:
Վերաքննիչի մոտ են «Իմ քայլի» պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Գեւորգ Պապոյանը: Նրանք գտնում էին, որ սահմանադրությունը չի տապալվել, ոչ մի օրենք չի խախտվել, ժողովուրդը պայքարում է արդար դատական համակարգ ունենալու իր իրավունքների համար:
Ի դեպ, ցուցարարները նկատել են, թե ինչպես են այս դատարանի աշխատակիցները փորձել 2 մետրանոց պատի վրայով մագլցելով ու թռնելով՝ հետնամուտքով մտնել դատարան: Դատարանում մարդիկ կան, նույնիսկ ցուցարարները անհանգստացած էին, որ նրանք կփորձեն շտապօգնության մեքենա կանչելով՝ դուրս գալ շենքից հետո, բայց զգուշացնում էին. «Մինչեւ հիվանդին չտեսնենք՝ չենք թողի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ