Վերաքննիչ քրեական եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանների մուտքը վաղ առավոտից քաղաքացիները իրենց միջոցներով՝ թելերով եւ այլ հարմարություններով «զմռսել» են եւ թույլ չեն տալիս ելք ու մուտք:
Մի կին եկել էր եւ պնդում էր, որ ինքը Վերաքննիչ քաղաքացիականի աշխատակիցներից է, նա ցուցարարներին ասում էր. «Ձեր միամիտ խելքով էլ գիտեք, թե էսօր փակեցիք՝ ամեն ինչ նույնը չի՞ լինելու: Լավ, ձեր պահանջը ո՞րն է, որ փակել եք, ձեր ընտրած վարչապետն ա, դուք չէ՞իք ուզում էս վարչապետին»: Նա հորդորում էր լրագրողներին իրեն չնկարել. «Գնա մորդ նկարի»:
Երբ հարցրեցինք՝ դուք աշխատակի՞ց եք, նա ասաց, որ չէ, հարցրեցինք՝ բա ինչո՞ւ եք առավոտ 8:30 եկել դատարանի մոտ՝ նա պատասխանեց. «Իմ գործերով, հորդ գործերով»:
Ցուցարարներն էլ հակադարձում էին՝ «Կաշառքներից քե՞զ էլ են տալիս, որ խոսում եք»:
Քիչ անց մեկ այլ կին մոտեցավ, թե՝ «ժողովուրդ ջան, մի հատ հասկացեք, ես մամա եմ, պետք է բարձրանամ երեխուս մոտ լինեմ»: Ցուցարարները հարցրեցին՝ երեխեն ի՞նչ գործ ունի դատարանում, կինը պատասխանեց՝ «Պետք է վերցնեմ, տանեմ մանկապարտեզ»:
Ցուցարարները թույլ չտվեցին բարձրանալ՝ չհավատալով նրա փաստարկին՝ մենք առավոտից ստեղ ենք, երեխեդ ի՞նչ գործ ունի դատարանում»:
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին անսալով՝ այսօր վաղ առավոտից դատարանները շրջափակման մեջ են:
Մանրամասները՝ շուտով
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ