Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Վարչապետը նախաձեռնել է Հայաստանում սահմանադրական կարգի տապալում»

Մայիս 20,2019 01:38

Այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փորձել էին զննություն իրականացնել այն մեքենայում, որտեղ գտնվում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ պատճառաբանելով, թե օպերատիվ տվյալներ ունեն ապօրինի զենք-զինամթերքի մասին, դեպքի վայր էին ժամանել մի շարք գործիչներ:

Այնտեղ էր նաեւ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որն «Առավոտի» խնդրանքով իր գնահատականը ներկայացնելով կատարվածի մասին՝ ասաց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա, ինչ որ կատարվեց՝ ներկայիս իշխող ռեժիմի Արցախի հանրապետության դեմ ուղղված քաղաքականության դրսեւորումներից մեկն է»:

Արձագանքելով ՀՀ ոստիկանության պարզաբանմանը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ եթե կատարվածը թյուրիմացություն էր՝ երկու ժամից ավելի ինչո՞ւ էին կանգնեցրել. «Դա իրականությանը չի համապատասխանում»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կոչին. «Վարչապետը նախաձեռնել է Հայաստանում սահմանադրական կարգի տապալում ու նրա կոչով վաղը պետք է արգելափակվեն բոլոր դատարանները, այսինքն՝ պետք է կաթվածահար արվի Հայաստանի դատական իշխանությունը»:

Նա դեռ ծանոթ չէր ՀՀ նախագահի ուղերձին, որից առաջ պրն Շահնազարյանը կոչով դիմել էր Արմեն Սարգսյանին. «ՀՀ նախագահը հանդիսանում է պետության գլուխը և հետևում է Սահմանադրության պահպանմանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար վարչապետի կողմից ծրագրված Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգի տապալումը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. «Որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու», – «Ազատության» խնդրանքով արձագանքելով ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե վարչապետի կոչը հակասահմանադրական է, ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծել է՝ բոլոր գործողությունները մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության տրամաբանության ներքո են։

Հարցին, թե դատարանի դռները փակելով արդյոք չի խոչընդոտվում դատական համակարգի գործունեությունը, Կարապետյանը պատասխանել է. «Ես ամեն ինչ ասեցի, որևէ խախտում, որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031