Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. «Պատասխան կտան այս արարքի համար»

Մայիս 20,2019 00:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրավապահները Ավան վարչական շրջանում կանգնեցրել են այն մեքենան, որի մեջ գտնվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը` ասելով, որ պետք է զննեն։

Լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց. որ ինքը սպասում է, որ ոստիկանները փաստաթուղթ բերեն՝ դատարանի որոշում, որով թույլատրվում է մեքենայի մեջ զննություն կատարելը:

Նա հայտնեց, թե դա իր ընկերոջ մեքենան է. «Ղեկին ես չեմ եղել»: Վիտալի Բալասանյանը նաեւ ասաց, որ Երեւան է եկել երեկ օրվա երկրորդ կեսին՝ ընկերոջ հոր հոբելյանին մասնակցելու համար:

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչ պատճառաբանություն ներկայացրին մեքենան կանգնեցնելիս՝ պատմեց, թե ասել են. «Կա ինֆորմացիա, որ մեքենայի մեջ կա ապօրինի զենք-զինամթերք»:

«Առավոտի» մյուս հարցին՝ այս ամենը որքանո՞վ կարող է կապված լինել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ՝ պրն Բալասանյանը պատասխանեց, թե որեւէ մեկին չի ուզում կասկածել կամ պիտակավորել. «Համապատասխան մարդիկ պատասխան կտան այս արարքի համար»:

Նաեւ հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել ազատ արձակվելուց հետո. «Չեմ զանգել, չեմ խոսել»:

Քիչ առաջ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կատարվածի առնչությամբ զրույց է ունեցել Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Վիտալի Բալասանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը ՀՀ ոստիկանության 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներին առաջարկեց, որ արձանագրություն կազմեն իրենց ունեցած օպերատիվ տվյալների մասին, ըստ որոնց էլ անհրաժեշտություն է առաջացել մեքենան խուզարկելու, որից հետո միայն իրենց կորոշեն իրենց հետագա քայլերը: ՀՀ ոստիկանության աշխատակիցները համաձայնեցին:

Փաստաբանը ասաց. «Օպերատիվ տվյալը մեզ համար քիչ է, որ թույլ տանք մեքենայում զննություն կատարեն»: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչու էին առանց դատարանի որոշման եկել, կարո՞ղ են առանց որոշման զննություն կատարել՝ Ամրամ Մակինյանը պարզաբանեց, թե առաջարկել կարող են, բայց քաղաքացին էլ իրավունք ունի՝ ընդունել առաջարկը, թե ոչ: Վիտալի Բալասանյանը չի ընդունել, քանի որ առաջարկը համարել է ոչ իրավաչափ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031