Եվրոպայի լիգայի ֆուտբոլի առաջնության եզրափակչի տոմսերը, դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, բանկային հաշվեհամարին բավականին խոշոր չափի գումարը, պարզվում է, բավարար չէ Բրիտանիայի բնակիչ Րաֆֆի Ուզունյանի համար Ադրբեջանի այցագիր ստանալու համար, հաղորդում է BBC-ն:
Ուզունյանը որոշել է ներկա լինել Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում: Բայց Ադրբեջանի էլեկտրոնային վիզաների տրամադրման ASAN Viz համակարգը նրան մերժել է:
Ուզունյանը ենթադրում է, որ իրեն մերժել են իր հայկական ազգանունի պատճառով:
«Լոգիստիկան, գների և ժամանակի հետ կապված խնդիրը, իհարկե, կարող է զայրացնել, բայց մենք իսկապե՞ս պետք է լռեք հայատյացության հարցում»,- գրել է Ուզունյանը Ֆեյսբուքի իր էջում՝ հավելելով, որ չի պատրաստվում այցագրի համար դիմել Ադրբեջանի հյուպատոսություն, քանի որ դա նրա կարծիքով ոչ մի իմաստ չունի:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուների ֆորումներում տասնյակ այդպիսի պատմություններ կան:
Հայկական ազգանունների նման ազգանուններով մարդիկ, ինչպես նաև Եվրոպայում ապրող հայերը գրում են, որ չեն կարողանում Ադրբեջանի այցագիր ստանալ Եվրոպայի լիգայի եզրափակչի համար, անգամ եթե ունեն եվրոպական երկրների քաղաքացիություն:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ իշխանությունները չեն սահմանափակում մարդկանց մուտքը երկիր ռասսայական կամ ազգային հողի վրա, և որ Բաքու բազմաթիվ անգամ հայ մարզիկներ են եկել:
«Մուտքի սահմանափակում… դրվում է միայն այն օտարերկրյա քաղաքացիների վրա, որոնք այցել են օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից տարածքներ՝ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվությամբ»,- BBC-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
Այնուամենայնիվ, Ուզունյանի անունն Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցանկում չկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ