Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը․ Մարդու իրավունքների պաշտպան

Մայիս 19,2019 23:16

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով․

  1. Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:
  2. Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
  3. Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից:
  4. Այս պահանջները պատահական չեն: Դատարանները կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովել մարդու անձնական ազատության, արդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը:
  5. Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։
  1. Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքների վրա։
  2. Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
  3. Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:
  4. Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:
  5. Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով:
  1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում:

 

Արման ԹԱԹՈՅԱՆ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031