Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Գուցե կան դատարաններ, որոնք բռնությամբ հարցեր լուծողներին աջակցություն են ցուցաբերում»

Մայիս 19,2019 23:08

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով հանդես եկավ հայտարարությամբ՝ «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին: Հիշեցնենք, որ նա կոչ է արել վաղը 08:30-ից շրջափակել բոլոր դատարանների շենքերը:

«Ժողովրդի հաղթանակի դեմ որեւէ ուժ չի կարող կանգնել: Գիտեմ, որ շատերը բարկացած են եւ նեղված, բայց ընդգծեմ. չնայած վերջին ամիսներին, առավել եւս՝ օրերին, շատ քննադատեցին թավիշն ու սերը, սիրո եւ համերաշխության հեղափոխությունը, հիշեցնեմ՝ այն, ինչ մենք անում ենք, դա չի նշանակում, թե մեր տրամաբանության գործիքակազմը փոխվել է: Եթե մենք շենքերի մուտքեր ենք արգելափակում՝ որպես ակցիա, ապա ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի՝ թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք հայտնեց, որ վաղը սպասվելիք գործողություններում որեւէ բռնություն կամ սադրանքի տրվել չպետք է լինեն. «Վաղը ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ հավաքների անվտանգությունը եւ բնականոն ընթացը, եւ դա նաեւ իմ հրամանն է: Կարծում եմ՝ ակցիայի մասնակիցները եւս պետք է դա հաշվի առնեն եւ սադրանքի չտրվեն: Որեւէ բռնություն չպետք է լինի: Մենք մեր երկրից բացառել ենք բռնությունը: Իհարկե, ես տեսնում եմ, որ որոշ մարդիկ դեռ մտածում են, թե բռնությամբ կարող են հարցեր լուծել, եւ գուցե կան դատարաններ, որոնք այդ մարդկանց աջակցություն են ցուցաբերում, որպեսզի նրանք մտածեն, որ կարող են բռնությամբ հարցեր լուծել, բայց մենք արդեն ապացուցել ենք, որ բռնությունն ու ատելությունը բացառող քաղաքական պայքարը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն»:

Փաշինյանը շեշտեց. «Համոզված եմ՝ սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանությունը պետք է պահպանենք, ուստի մեր ակցիաների ընթացքում պետք է լինենք կատարյալ քաղաքավարի՝ անգամ նրանց հանդեպ, որոնք դժգոհ են մեր ակցիաներից: Որեւէ բռնության եւ սադրանքի չենք տրվի, բայց որեւէ բան մեզ հետ չի պահի մեր նպատակներին հասնելուց եւ Հայաստանը իրավական-ժողովրդավարական պետություն դարձնելուց: Այդ ճանապարհով ես մինչեւ վերջ կգնամ եւ որեւէ բանի առաջ չեմ կանգնի, քանի դեռ ժողովուրդը լիազորում է ինձ ծառայություններ մատուցել: Միայն մի խնդրանք ունեմ՝ փոխադարձ հարգանք: Չտրվեք որեւէ սադրանքի եւ հայհոյանքի չդիմեք»:

Փաշինյանը եզրափակեց, որ վաղը կեսօրին ուղիղ եթերով հանդես կգա եւ պարզաբանումներ կներկայացնի իրավիճակի շուրջ. «Ելույթը կլինի կառավարությունում, որտեղ  բարձրաստիճան պաշտոնյաների հրավիրել եմ խորհրդակցության՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր վերջնանպատակն է՝ իրապես անկախ դատարաններ ունենալը: Այսօրվա իրավիճակի պատճառը նաեւ այն է, որ ես ասել եմ՝ ինձ եւ ժողովրդին խամաճիկային դատարան պետք չէ»:

Հիշեցնենք, որ օրերս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ կալանքից ազատվեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս օրերին նրա ազատ արձակման դեմ բողոքի փոքրաթիվ ցույցեր են ընթանում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ոստիկանութեան հիմնական պարտականութիւնը չէ՞՝ ապահովել դատարանների գործունէութիւնը…

    իսկ «մենք»ը, «մեզ»ը, ո՞վ է ճիշդ… երբ խօսողը համայն երկրի վարչապետն է…

    այս ամէնը, քանի որ դատավարութեան մը ընթացքին, միմիայն նախնական կալանքին վերջ դրուեցաւ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031