Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում, որը կրում է «Եվրոպայի հրապարակ» անվանումը, նշվեց Եվրոպայի օրը։ Տոնական միջոցառումները, բացառության Արամ MP3-ի համերգի, որ նախատեսված էր ավելի ուշ ժամի «Սև Բերդ» ամրոցի ներսում, բացօթյա էին։
Արևային տաք, հաճելի եղանակը ամրոց էր բերել մեծ թվով գյումրեցիների, սակայն միջոցառումից մեկ ժամ չանցած՝ եղանակը կտրուկ փոխվեց․ այնպիսի փոթորկախառն քամի բարձրացավ, որ քիչ էր մնացել քշեր բացօթյա տաղավարները, այնուհետ սկսվեց հորդառատ անձրև։ Շատերը ստիպված եղան լքել տարածքը։
Քամին կիսատ թողեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ճեպազրույցը, որը ներողություն խնդրելով լրագրողներից, հեռացավ։ Այդուհանդերձ, մինչ եղանակի փչանալը, նա հասցրեց պատասխանել 2-3 հարցի։ Թե ինչո՞վ է տարբերվում այս տարվա Եվրոպայի օրը նախորդներից, Պյոտր Սվիտալսկին ասաց, որ փոխել են տոնակատարությունների վայրը, օրինակ՝ Գյումրիում այս տարի նշում են Եվրոպայի անվան հրապարակում, այս տարի ավելի ուրախ է անցնում, հանդիսավոր միջոցառումներն են ավելի շատ։
«Եվրոպայի օրերը՝ որպես այդպիսին, հանդիպելու, քննարկելու, միասին ժամանակ անցկացնելու համար են, այս օրերին լուրջ քաղաքական խնդիրներ չենք քննարկում, բայց հանդիսավոր կերպով տոնում ենք եվրոպական արժեքները, շատ պարզ արժեքներ են՝ ազատություն, դեմոկրատիա,արդարություն, խաղաղություն, սոցիալական համերաշխություն», -ասաց դեսպանը։
Aravot.am-ի այն հարցին, թե Եվրամիության ֆինանսավորմամբ Շիրակի մարզում իրականացրած ծրագրերից ո՞րը կհամարի ամենաարդյունավետը, Պյոտր Սվիտալսկին ասաց․«Դժվար է տարանջատել և առանձնացնել ծրագրերն՝ ըստ արդյունավետության․ բավականին ծավալուն և հաջողակ ծրագրեր կան մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, շատ օգտակար ծրագիր ունեն «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ,, շատ գեղեցիկ ծրագիր ունենք՝ «Ներառական փուռ և սրճարան»-ը։ Շատ այլ ծրագրեր կան, ես վստահ եմ, որ շատ օգտակար են և տեսանելի»։
Անդրադառնալով Գյումրիում Եվրոպայի գրասենյակ հիմնելու մտադրությանը, որի մասին այսօր մեկ անգամ ևս իր ելույթում հիշեցրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Պյոտր Սվիտալսկին ասաց․ «Ես հուսով եմ, որ այն կդառնա իրողություն, մենք ուսումնասիրել ենք այս պահին այդ հնարավորությունները, մենք մեկնարկային բյուջե նախատեսել ենք արդեն նման ծրագիր իրականացնելու համար, անկախ փորձագետներին խնդրել ենք գնահատել մասնավորապես այս ծրագրի իրատեսականությունը։ Ես անկախ փորձագետի հաշվետվությունը չեմ տեսել, բայց կարծում եմ իմաստ կա նման գրասենյակ Գյումրիում ստեղծելու, որովհետև գալիք տարիներին ներդրումները կենտրոնանալու են երեք հյուսիսային մարզերի վրա՝ Շիրակի, Լոռու և Տավուշի»,- ասաց դեսպանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ