Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում հրաժարվել կառավարման միակուսակցական գործելակերպից․ «Ժառանգություն»

Մայիս 19,2019 22:01

Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վճիռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, եւ Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձեւավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը: Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, եւ ուղեկցվում են ոստիկանության կողմից  դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով,  ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռեւանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է:

Փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մերժված իրավահաջորդի իշխանության օրոք  վտանգավորությամբ շատ ավելի նվազ մեղադրանքների հարուցման պարագայում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ հասարակական լայն վստահությունը վայելող շատ անձանց երաշխավորությունները երբեւէ հաշվի չեն առնվել դատարանների կողմից:

«Ժառանգությունը»  համոզված է, որ ընտրողական արդարադատության մասին պնդումները ի չիք կդառնային, եթե Հայաստանի ներկա իշխանություններն իրականացնեին թավշյա հեղափոխության ընթացքում բազմիցս հնչեցված անցումային արդարադատության եւ լյուստրացիայի  գործիքակազմը: Տպավորություն է առաջանում, որ  նոր իշխանությունները չունեն բավարար վճռականություն անցյալի հակապետական եւ հակասահմանադրական քայլերն անաչառ բացահայտելու համար, նրանք կաշկանդված են ինչ-ինչ   գործոններով:

Այլապես քաղաքական ի՞նչ բացատրություն կարելի է տալ 1996, 2003 եւ 2013 թթ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման փորձերն անուշադրության մատնելու միտումը: Ներքաղաքական շարունակվող զարգացումներն ապացուցում են, որ 2013 թ. տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական զարգացումներում Րաֆֆի Հովհաննիսյանի խոհեմության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մարտիմեկյան արյունալի դեպքերի վտանգավոր կրկնությունից:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ ներպետական տիրույթում օրեցօր ավելի առարկայացող տարատեսակ նենգադուլների հիմնական մեղավորը իշխող ուժի քաղաքական դալտոնիզմն է, որը սեւ ու սպիտակի հակադրությամբ կարճաժամկետ կտրվածքում քաղաքական շահաբաժին ապահովեց իրենց թիմի համար, սակայն ներկայումս Հայաստանի պետական անվտանգության եւ ինքնիշխանության հիմքերն են սասանվում:

Պնդում ենք՝ կառավարման հին համակարգը եւ սկզբունքները մեր երկրում վերակենդանանալու որեւէ հնարավորություն չպետք է ունենան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում հրաժարվել կառավարման միակուսակցական, անհատների վրա հիմնված գործելակերպից, սկսել խորհրդակցությունների շրջափուլ ժողովրդավարության եւ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության գաղափարների դավանորդ ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ՝ հիմքում ունենալով մեր պետականության առջեւ ծառացած խնդիրների  հանգուցալուծումը եւ համազգային քաղաքական վստահություն վայելող իշխանության ձեւավորումը:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031