Եվրոպայի օրն այս տարի Գյումրիում նշվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող պատմական «Սև Բերդ» ամրոցի տարածքում, որն, ի դեպ, կրում է «Եվրոպայի հրապարակ» անվանումը։ Մինչ Գյումրի հասնելը, «Ճանապարհ դեպի Եվրոպա» խորագիրը կրող տոնական միջոցառումները անցկացվել էին Կապանում, Եղեգնաձորում, Իջևանում, Դիլիջանում։
Եվրոպայի հրապարակում տեղադրվել էին տաղավարներ, որտեղ ցուցադրվում էին Եվրամիության կողմից ֆինանսավորող ծրագրերը։ Առանձին տաղավարում խաղի միջոցով ստուգվում էին նաև հանրության գիտելիքները Եվրամիության՝ Հայաստանում իրականացրած ծրագրերի, Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերությունների մասին։
Կարդացեք նաև
«Սև Բերդ» ամրոցի տարածքում ասեղ գցելու տեղ չկար․ մեքենաները խցանվել էին․ մեծ թվով գյումրեցիներ էին եկել նշելու Եվրամիության տոնը։ Նրանցից շատերին «Սև Բերդ» ամրոց էր բերել Արամ MP3-ն, որը համերգային ծրագրով հանդես էր գալու հենց ամրոցի ներսում։
Պյոտր Սվիտալսկին, հայերեն բարևելով ներկաներին, մեկ անգամ ևս նշեց, որ Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է։ Նա ասաց, որ գյումրեցիները իրենց շատ ավելի հաճախ են տեսնելու Գյումրիում ու շատ ավելի մեծ ծրագրերով։
Պյոտր Սվիտալսկին շրջեց տաղավարներով և մինչև կհասներ Եվրամիության պատվիրակության տաղավար, որտեղ նախատեսված էր իր ճեպազրույցը լրագրողների հետ, արևոտ եղանակը կտրուկ փոխվեց, փոթորկախառն քամի բարձրացավ, այնուհետ սկսվեց հորդառատ անձրև։ Շատերը ստիպված եղան լքել «Սև Բերդ»-ը։
Այդուհանդերձ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը պատասխանեց լրագրողների 1-2 հարցի։
Այս մասին՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ