Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։
Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի առողջությանը և ընտանիքին վերաբերող անձնական տվյալներ։
Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը․
«Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:
Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
․․․Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս անելիքն է, և այդ նպատակի համար սերտորեն պետք է համագործակցեն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, կառավարությունը, ԱԺ-ն, ՄԻՊ-ը, հասարակական և միջազգային կազմակերպությունները, լրատվամիջոցները, բայց դա չի կարելի անել երեխայի պատվի և արժանապատվության հաշվին։
Հույս ունեմ, որ դեպքի մանրամասները պարզելուց հետո նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին պաշտպանելու, պատշաճ աջակցություն ցուցաբերելու և նման դեպքերը հետագայում բացառելու ուղղությամբ։ Իսկ առայժմ կոչ եմ անում չտարածել այդ տեսանյութը և գործողություններում առաջնորդվել երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքով։
Կարդացեք նաև
Զարուհի ԲԱԹՈՅԱՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/zara.batoyan/posts/10220654482091638?__xts__[0]=68.ARDYgaeyulUrJS8xPTPI7TeQ6EDsDg9M3lIRpQ0-CZOTZosXPGT49yHx0LCtcT4b-mZP0DXTDhhqHXb87FUDgHbQ82QrlChMKGeh_nHxWT4aqeMi8U7vrhZQTGZUx3s9w34IADIFy0PokvH9Q6LvkUkoFAcIKlk_c2zTqNINWGkl1sDaqRNyUQ4BkRlNBiUhoD8Co2NvHchVPQ&__tn__=-R