Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` առաջիկա խաղի իր ակնկալիքների, հակառակորդ թիմերի պատրաստվածության և Ալեքս Ջունիորի Հայիթիի հավաքականում հանդես գալու մասին:
-Ի՞նչ եք սպասում «Շիրակ»-ի հետ հանդիպումից: Հաշվի առնելով, որ մրցակիցը մրցաշարային խնդիրներ չունի, ինչպիսի՞ խաղ եք ակնկալում:
– Հաշվի առնելով, որ հանդիպումը տեղի է ունենալու «Շիրակ»-ի դաշտում, կարող եմ ասել, որ դժվար խաղ եմ ակնկալում: «Շիրակ»-ը բավականին պինդ կազմ ունի և մարտավարական առումով լավ պատրաստված է: Ֆուտբոլիստները խաղում են շատ մոտիվացված՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակ ունեն աղյուսակում: Այնպես որ մեզ դժվար հանդիպում է սպասվում: Սակայն ինչպես արդեն նշել եմ, վերջին հանդիպումների ժամանակ մեծ կարևորություն ունեն բնավորություն ցույց տալու գործոնն ու հաղթանակի ձգտումը:
-Ալեքսը հրավիրվել է Հայիթիի հավաքական՝ CONCACAF–ի Ոսկե գավաթին մասնակցելու համար: Մարզիչները սովորաբար միաժամանակ և՛ ուրախանում են ֆուտբոլիստների գրանցած հաջողություններով, և՛ մի փոքր վատ են նայում բացակայությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Կարդացեք նաև
– Ինչպես ասում են, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Իհարկե շատ լավ է, որ մենք ունենք հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստ: Դա բավականին մեծացնում է ուշադրությունը մեր թիմի նկատմամբ: Այս պահին ամենակարևորն այն է, որ առանց վնասվածքների խաղերն անցկացնի: Իսկ հետագա գործի մանրամասներն արդեն կորոշենք ըստ իրավիճակի:
-Չեմպիոնության հարցը որոշ չափով կախված է «Փյունիկ» – «Լոռի» հանդիպումից, որը կկայանա այս տուրում: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ «Լոռի»-ի ֆուտբոլիստներին միավոր կորզել «Փյունիկ»-ից:
– Ճիշտն ասած, ընդհանրապես այդ ուղղությամբ չեմ մտածում: Կարող եմ միայն ասել, որ մենք միշտ կենտրոնանում ենք մեր խաղի վրա և փորձում ենք ամեն փոքր շանս օգտագործել դրական արդյունք ստանալու համար: Մեր գլխավոր խնդիրն այս պահին մեր առաջիկա խաղերում հաղթելն է: Մենք չենք մտածում, թե ուրիշ թիմերն ինչպես են խաղում, որովհետև առաջնությունը ցույց է տալիս, որ շատ անկանխատեսելի բաներ կարող են լինել:
«Լոռի»-ն շատ լավ թիմ է և հոյակապ ֆուտբոլիստներ ունի: Երբ թիմը մոտիվացիա չունի, դա կարող է անդրադառնալ իրենց խաղի վրա երկու ձևով՝ կամ ավելի հանգիստ և ազատ կխաղա թիմը, քանի որ ճնշում չկա ֆուտբոլիստների վրա, կամ էլ կարող է ձախողվել որոշակի նպատակ չունենալու պատճառով: Բայց ընդհանուր առմամբ թիմը բավականին լավն է և ամեն բան հնարավոր է:
Եթե նայենք այս տարվա խաղերին կտեսնենք, որ բոլոր խաղերն էլ շատ լարված են եղել: Հեշտ խաղեր ոչ մի թիմի համար չեն եղել: Բայց ամեն դեպքում մեզ համար ամենակարևորը մեր խաղն է, թե ինչպես հանդես կգանք:
-Այս պահին ֆուտբոլասերներին ամենահուզող թեմաներից մեկը Հենրիխ Մխիթարյանի Բաքու գնալ կամ չգնալն է: Ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ:
-Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը:
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ԱԿՈՒՄԲԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
https://www.facebook.com/notes/fc-ararat-armenia/%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80-%D5%AD%D5%A1%D5%B2-%D5%A5%D5%B4-%D5%A1%D5%AF%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4/512412689295560/