Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կայան ավանը բարեկարգվում է

Մայիս 19,2019 10:20

Տավուշի մարզի Կայան համայնքը ընդամենը 200 մետր է հեռու հայ-ադրբեջանական սահմանից, և ճիշտ կլինի ասել՝ արդեն սահմանապահ գյուղ է:

Կյանքի և կենցաղի համար վտանգավոր պայմաններում  կայանցին,  իր հայրենի հողն ու տունը շենացնելով, իրական թիկունք է  գյուղից  մի քանի տասնյակ մետրի վրա, մարտական հենակետում սահմանը պահող հայրենիքի զինվորի համար: Համայնքի  խնդիրներն էլ բազմաթիվ են,  հետխորհրդային  մյուս բնակավայրերի  խնդիրներին նման ու տարբեր: Տարբեր են  նաև նրանով, որ գյուղում կան 5 հարկանի և երկհարկ բազմաբնակարան շենքեր, որոնք կառուցվել են հեռավոր 70-ականներին և հետագա կես դարում չեն վերանորոգվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Շենքերի տանիքները վնասվել են ոչ միայն բնության և ժամանակի պատճառով, այլև, ինչպես գյուղապետն է ասում՝  «թուրքի գյուլլեքից»:

Հոլանդիայի  «Արարատ» միության տրամադրած միջոցներով անցյալ տարի նորոգվել է այդ հինգհարկանիներից մեկի տանիքը, այս տարի՝ օրեր առաջ, դարձյալ նրանց միջոցներով,  խմելու նոր՝ 2,5 կիլոմետր ջրագիծ անցկացվեց:

Այս մասին զրուցել ենք Կայանի գյուղապետի և բարեգործական միության  նախագահի հետ:

15 տարվա գյուղապետ  Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ՝ Կայանը բնակավայր է Այգեհովիտ համայնքի մեջ, ունեցել է Ֆերմենտացիոն (թութունի մշակության) գործարան, որը հիմնահատակ ավերված է: Հավանաբար դրանով է պայմանավորվել գյուղական բնակավայրում բազմաբնակարան շենքերի առկայությունը:

«1998 թ.  «Փրկենք երեխաներին» ծրագրով խողովակաշար  անցկացրել էր, սակայն  աղետալի վիճակում էր, ամեն դեպքում 20 տարի է անցել, մաշվել էր: «Արարատ»  միությունից մեզ  ասին՝  ձեզ հուզող և կարևորագույն հարցերը: Անցյալ տարի նրանք նորոգեցին մեկ բազմաբնակարան շանքի տանիքը: Շատ լավ խթան էր, համայնքն էլ մի բան պիտի անի, որպեսզի չլինենք ո’չ լացողի, ո’չ ուզողի դերում: Մենք էլ մեր կողմից բազմաբնակարանի երեք  մուտքերի նոր դռներ տեղադրեցինք,  հնարավորության  դեպքում  մուտքերն ենք նորոգելու: Էնպես չի, որ գյուղում տխուր վիճակ է, իրավունք էլ չունեք: Այնպիսի դպրոց ու մանկապարտեզ ունենք` քաղաքի շատ դպրոցներից լավ: Մարդիկ արժանի են դրան: Աժ պատգամավոր Սիփան Փաշինյանի օգնությամբ սահմանի երկայնքով վերջերս 8 լուսատու ենք տեղադրել: Երկրորդ ճակատ ենք, սահմանին կանգնած զինվորը որ հետ  հայացք է նետում, տեսնում է մենք կանք, ավելի ապահով է թիկունքը զգում: Ամրակուռ է մեր հոգին` դարերի զավակ»,-  Տերյանի խոսքերով է ավարտում գյուղապետը:

Բնական է, որ սահմանին այսքան մոտ բնակիչը ռոմանտիկ  ու մարտական տրամադրված կլինի:

«Արարատ» բարեգործականի նախագահ Ալիսա Մովսիսյանն  ասաց, որ Ապրիլյան պատերազմից  հետո հոլանդահայերի կողմից  ստեղծված միությունը օգնել է սահմանը պաշտպանող զինվորներին: Այնուհետ բարեգործական ծրագիրն ընդլայնվել է` ներառելով մարզերը: «Ապահով մանկություն` երեխաներին» ծրագրով օգնում են ընտանիքներին, որը նաև մարդկանց հնարավորություն է տալիս աշխատել: Երկրորդ ծրագրով տանիքներ են նորոգում ու ջրագծեր անցկացնում, երրորդը կրթության և զարգացման ծրագիր է: Այս տարի նախատեսվում է Լոռու մարզի սոցիալապես խոցելի  6 լեռնային գյուղերի համար 16 մասնագետի վերապատրաստում` հիմնականում կանանց: Դասընթացներից հետո էլ նրանց կօգնեն աշխատատեղերի ստեղծման հարցում։

«Արարատ» բարեգործականը կարևորում է օգնության անհատական, հասցեական մակարդակը: Բարեգործություն իրականացնելու միջոցների համար կազմակերպում են ցերեկույթներ, կատարվում են հանգանակություններ: Հոլանդիայի հայ համայնքն է օժանդակում, ծանրակշիռ աջակցություն է բերել Հոլանդիայում բնակվող Տիգրան Մգդեսյանը, Արտո Սիլահլին: Այս տարի Ամերիկայից էլ հովանավոր ունեցան:

«Բաքվից Հայաստան, ապա ԱՄՆ տեղափոխված Ալեքս Գրիգորյանը մամուլից տեղեկացել էր մեր մասին և ցանկացել ինչ-որ բան անել հայրենիքի համար: Նրա նվիրաբերած գումարով  վերջերս Կայան ավանի 3 կմ արտաքին ջրագիծ է քաշվել մինչև գյուղ, նորոգվել է ջրամբարը, ներքին նոր ջրագիծ է անցկացվել նոր խողովակաշարով, հիմա արդեն մարդիկ բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում ջուր  ունեն: Սա մեր երկրորդ ներդրումն է գյուղի բարեկարգման գործում:

2018 թվականին 20 օրում բազմաբնակարան շենքի տանիքը  նորոգեցինք, ապա գումար հավաքագրեցինք  խմելու ջրի խողովակաշարի համար: Անցյալ տարի համայնքը վիրավորվելու աստիճանի  պասիվ ու անհաղորդ  էր, բայց չէ՞ որ իրենք պիտի տեր կանգնեն արածին, անելիքին:  Նախաձեռնողականություն չկար. միայն դժգոհում են ու մնում այդպես: Նոր-նոր սկսել են ակտիվանալ, ոգևորվել, արդեն շարժ կա: Անաչառ, եռանդով անշահախնդիր աջակիցներ ունենք գյուղում: Գյուղապետարանի միջոցներով մուտքների դռները փոխեցին: Թե չէ մի տարի անց գալիս տեսնում էինք ոչինչ չի փոխվել: Մեր պարտքն է շարունակաբար աջակցել սահմանամերձ գյուղին: Եթե շատ հովանավորներ ու միջոցներ ունենանք, մյուս բազմաբնակարանի տանիքն էլ կնորոգենք»,- ներկայացնում է տնօրենը:

Կայան ավանից Մերուժ  Փիրումյանը անշահախնդիր ու ակտիվ օգնում է գյուղի այդ ձեռնարկումներին, և իր բացատրությունն ունի․ «Ես պիտի աջակցեմ, ձեռք գցեմ զուտ նրա համար, որ վաղն իմ երկու տղերքն էլ պիտի դառնան զինվոր: Եթե Հոլանդիայից բարի մարդիկ  ջուր են քաշում, և էսօր 5-րդ հարկում կալոնկեքն աշխատում են, ճնշում կա, ես պիտի օգնեմ ամեն ինչով»:

5 հարկանի երկրորդ շենքի տանիքը հիմա էլ մշտապես գնդակոծվում ու վնասվում է, իսկ ձնհալի ու անձրևների ժամանակ տանիքի ջուրը հոսում է ներս, լցվում բնակիչների տները:

Օգնության համար պարզած ձեռքը սուրբ է: Եվ այս ամենը՝  հայ բարեգործների ու բարերարների տրամադրած միջոցներով, համայնքի ուժերով պիտի կյանքի կոչվի, որպեսզի սահմանը պահող զինվորը, երբ հայացք նետի իր թիկունքին, տեսնի ծաղկող, ժամանակակից, բարեկարգ համայնք, որտեղ հաճելի լինի ապրելը, և պատիվ՝ պաշտպանելը:

 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031