Մայիսի 18-ին Երևանի Արամի փողոցի հարակից Միսաք Մանուշյանի անվան այգում անցկացվեց «Հակապլաստիկ հերոսներ» բնապահպանական հանրային միջոցառումը, որի ընթացում պլաստիկի դեմ «պայքարի էին դուրս եկել» երևանյան դպրոցների շուրջ 100 աշակերտներ:
Աշակերտները միջոցառման էին եկել էկոգիտելիքով զինված. նախաձեռնության շրջանակում երևանյան հինգ դպրոցներում անցկացվել են պլաստիկի ձևավորման և կյանքի ցիկլերը ներկայացնող էկոլոգիական ինտերակտիվ դասընթացներ: Կրթական միջոցառումների հիմնական նպատակն է պլաստիկի օրինակով աշակերտներին ծանոթացնել համակարգային և դիզայն մտածողության սկզբունքներին, որոնց միջոցով կարելի է մշակել տնտեսական և սոցիալական խնդիրներին ուղղված այնպիսի լուծումներ, որոնք ոչ միայն չեն վնասում, այլև օգնում են բնությանը:
«Երիտասարդ սերունդի էկոլոգիական գիտելիքն ու հմտությունները, տարբեր խնդիրների լուծման էկոմոտեցումները կենսական նշանակություն ունեն Երկիր մոլորակի ապագայի համար: Երեխաների այս սերունդն է պայքարելու պլաստիկի և գլոբալ տաքացման դեմ՝ գտնելով կայուն և նորարար լուծումներ, իսկ նրանց հետ այս հարցի շուրջ խոսելու ամենաարդյունավետ ճանապարհը ինտերակտիվ կրթությունն ու հետաքրքիր խաղերն են»,- նշում է «Փրոփր Պլաստիկ» կայուն դիզայնի ընկերությաև համահիմնադիր Մարիաննա Վարդանյանը:
Կարդացեք նաև
Միջոցառումը հիանալի հարթակ էր մասնակիցների համար խաղերի ու մրցույթների միջոցով կիրառել իրենց ստացած գիտելիքները՝ մասնակցելով պլաստիկի վերամշակման առաջնային փուլերից մեկին՝ տեսակավորմանը: Նրանք նախ բաժանվեցին խառը խմբերի, ապա տեսակավորեցին շուրջ 300 կգ պլաստիկ շշեր ու փականներ: Հենց այդ հումքից էլ կպատրաստվեն մասնակիցների նվերները. տեսակավորված ողջ պլաստիկն առաջիկայում կվերամշակիվի՝ վերածվելով դպրոցի և քաղաքի համար օգտակար և կիրառելի իրերի:
Աշակերտներին քաջալերելու էր եկել նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը: «Պլաստիկի դեմ պայքարը նախարարության ռազմավարական մոտեցումներից մեկն է: Մենք ողջունում ենք նմանօրինակ միջոցառուներն ու ամեն կերպ աջակցում, քանի որ դպրոցահասակաների հետ տարվող աշխատանքն այս ոլորտում հատկապես երկարաժամկեկտ ծրագրերի արդյունավետության գործում կարևորագույն նշանակություն ունի»,- նշում է Լուսինե Ավետիսյանը:
Հակապլաստիկ առաջին հերոսներ դարձան «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, «Արեգնազան» կրթահամալիրի, «Այբ», Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցների 6-7-րդ դասարանների սաները: Միջոցառումը կազմակերպել էիր «Փրոփր Պլաստիկ» կայուն դիզայնի ընկերությունը, Ռեվոլվ Քնսալթինգը և Գլոբալ Շեյփերս Երևանը (համաշխարհային Գլոբալ Շեյփերս համայնքի (Global Shapers Community) մասը): Հեղինակների հավաստմամբ՝ «Հակապլաստիկ հերոսներ» նախաձեռնությանը շարունակական բնույթ է կրելու: Հեղինակները նպատակ ունեն նմանօրինակ միջոցառումների միջոցով բարձրացնել երեխաների բնապահպանական իրազեկության աստիճանը, նպաստել էկոքաղաքացիական մտածելակերպի ձևավորմանն ու զարգացմանը՝ Երևանը վերածելով կայուն կանաչ քաղաքի:
Ծրագրի հեղինակները
Փրոփր Պլաստիկը կայուն դիզայնի ընկերություն է, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել նորարարկան մոտացումներ թափոնների կառավարման շուրջ՝ դեն նետված պլաստիկ նյութերը տնտեսապես կենսունակ արտադրանքի վերածելով ու կիրառելով վերամշակման և արտադրության բնապահպանորեն անվտանգ եղանակներ:
Ռեվոլվ Քնսալթինգը (Revolve Consulting) հանդիսանում է առաջատար զարգացման խորհրդատվական կազմակերպություն, որի նպատակն է շրջանաձև տնտեսությանը միտված բիզնես մոդելների վերափոխումը և կայուն զարգացման համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը: Օգնելով իր շահառուներին ստեղծել դրական բիզնես արժեք, կրճատել ռեսուրսների շահագործման ծախսերը՝ Revolve Consulting-ը ընդունում է մարտահրավերը՝ վերափոխելու մեր ներկայիս բացասական հետքերը ի նպաստ ապագա սերունդների։
Գլոբալ Շեյփերս Երևանը համաշխարհային Գլոբալ Շեյփերս համայնքի (Global Shapers Community) մասն է և ստեղծվել է 2012 թվականին։ Լինելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) նախաձեռնություն՝ Գլոբալ Շեյփերս համայնքը մինչև 30 տարեկան ոգևորող երիտասարդների միջազգային ցանց է, որը լուծում է տարբեր տեղական և գլոբալ խնդիրներ: