Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ շարունակ կալանավայրից խարդախությամբ զբաղվող դատապարտյալը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

Մայիս 18,2019 23:59

Մեր տեղեկություններով, օրերս «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության նկուղ՝ «Երեւան» ՔԿՀ։ Դանիելյանն այն դատապարտյալն է, որի պատճառով վերջերս ԱԱԾ-ն օպերատիվ միջոցառում ու խուզարկություն իրականացրեց «Արմավիր» ՔԿՀ-ում։

Նշենք, Սպարտակ Դանիելյանը մի քանի անգամ հենց կալանավայրում դատապարտվել է խարդախության, անծանոթներից գումարներ շորթելու համար ու մոտ 23 տարի պետք է գտնվի անազատության մեջ։ Ըստ գողական կանոնների` «պալաժենի», այսինքն` իրավիճակ խախտող կալանավորը զրկվում է ամեն ինչից։ Չնայած Դանիելյանը, ըստ մեր աղբյուրի, հարգելով «զոն նայողների պրագոնը», չէր պահում հեռախոս, սակայն օգտվում էր այլոց բջջային հեռախոսներից ու շարունակում խաբեությամբ գումար շորթել։ Բնականաբար, Սպարտակ Դանիելյանը, այդ գումարից հատկացումներ էր անում «օբշչակին», ինչի համար էլ «զոն նայողները» երբեմն աչք էին փակում։

Ի դեպ, նույն Դանիելյանը, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում էր, ըստ որոշ տեղեկությունների՝ խարդախությամբ խոշոր գումար էր հափշտակել այն ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի բարեկամուհուց, ու նախարարն էլ ոչինչ չէր կարողացել անել։ «Առավոտի» հարցին ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը ճշտեց, որ ոչ թե բարեկամուհու, այլ իր պաշտոնավարման օրոք՝ նախարարության աշխատակիցներից մեկի հետ կապված է այդ դեպքը եղել: Դրանից հետո Սպարտակ Դանիելյանը «Նուբարաշենից» տեղափոխվել է «Արմավիր» ու այնտեղ նա շատ խիստ հսկողության ներքո էր՝ նախկին պետ Տիգրան Նավասարդյանի օրոք: Եվ դրա շնորհիվ էին մի շրջան դադարել նրա 4 տասնյակից ավելի խարդախությունները:

Նշենք, Սպարտակ Դանիելյանի անունը հայտնի դարձավ 2015թ. նոյեմբերին, երբ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ։

Սպարտակ Դանիելյանը 2014 թ. խարդախության համար արդեն իսկ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման եւ դրանք շարունակել էր «Նուբարաշենում» գտնվելու ընթացքում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, 2015թ. մարտ-նոյեմբեր ամիսներին իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներով նա զանգահարելով List.am կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` թանկարժեք բջջային հեռախոսների, համակարգիչների եւ այլ տեխնիկական սարքերի վաճառքի հայտարարություններ տեղադրած անձանց, վերջիններիս ներկայացել էր տարբեր անուն-ազգանուններով եւ ապրանքի գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով ցանկություն հայտնել գնել դրանք։ Բացի այդ նույն կայքի միջոցով հեռախոսակապ էր հաստատել տաքսի ծառայություններ մատուցող հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանձնարարել կատարել պատվերներ եւ ցուցումներ տվել՝ ապրանքները տարբեր քաղաքացիներից վերցնելու, դրանք տարբեր վաճառակետերում վաճառելու կամ այլ անձանց փոխանցելու վերաբերյալ։

Մեկ այլ դրվագ՝ Սպարտակ Դանիելյանը «Արմավիր» ՔԿՀ-ում կոտրել էր խցի լվացարանը, պատուհանի ապակիները, դրանցով հարվածել պատերին: Ապա այրել էր իր ներքնակն ու բարձը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Իսկ 2016 ապրիլի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա փախուստի էր դիմել, երբ դատական նիստը ավարտվել էր և դատավոր Մնացական Մարտիրոսյանի կարգադրությամբ նրան իջեցրել էին հատուկ խուց, որը հսկվում էր ոստիկանության ուղեկցող գնդի աշխատակիցների կողմից: Ապրիլի 29-ին Սպարտակ Դանիելյանը հայտնաբերվել ու ձերբակալվել էր:

Իսկ այս տարվա ապրիլի 23-ին էլ ԱԱԾ-ն հաղորդեց. «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031