Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նաեւ բիզնեսմեն

Մայիս 18,2019 23:03

«Ինձ թվում ՝ երբ ծնվել եմ, ասել եմ, որ դերասանուհի եմ  դառնալու, չնայած դրա համար ոչ մի նախադրյալ չկար, մեր ազգի մեջ էլ  դերասան չկար»,- Aravot.am-ին պատմեց  ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

Առաջին «ներկայացումը» նա խաղացել է պապիկի տանը, երբ երեխա էր. «Պապիկս չորս գյուղի նախագահ էր, նրանց  տանը միշտ շատ հյուրեր էին լինում եւ միշտ հյուրերին զբաղեցնելու անհրաժեշտություն կար, ու մենք՝ ինը թոռներով անընդհատ միջոցառումներ էինք կազմակերպում, ունեինք համերգային ծրագիր , միշտ բանաստեղծություններով, երգերով, փոքրիկ տեսարաններով  հանդես էինք գալիս ու նույնիսկ տոմսեր էինք պատրաստում, հարեւաններին տոմսերով հրավիրում էինք ներկայացման: Նրանք միշտ մեզ հարցնում էին՝ ձեր ծրագրում հայերեն ոչինչ չունե՞ք, մենք այն ժամանակ միայն ռուսերեն էինք խոսում.  հայերենով գիտեինք միայն «սիրում եմ քեզ հայոց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու» բանաստեղծությունը: Հաջորդ ամռանը, որ թոռներով նորից հավաքվեցինք պապիկենց տանը, տեսա մորաքրոջս  աղջիկները նոր բանաստեղծություն էին սովորել՝ «ինչ կլինի, ասա գրիչ», շատ էի նեղվել, որ ես այդ բանաստեղծությունը չգիտեի: Ես միշտ լավ դերերն էի ստանում, եթե Մոխրոտն էր, ես էի Մոխրոտը, տատիկիս բուլղարական կամբինացիան էի հագնում, որպես Մոխրոտի զգեստ»,- պատմեց Նարինե Գրիգորյանը:

Մեր զրուցակցի խոսքով, դպրոցում ինքը գերազանց  մաթեմատիկա է իմացել, մասնակցել օլիմպիադաների ու ավարտական դասարանում որոշել է դիմել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ միաժամանակ հաճախելով թատերական խմբակ. «Մինչեւ հիմա զայրացած եմ ֆրանսերենի ուսուցչուհուս վրա, որ ասաց՝ ընտրի՝ կա՛մ դու գնում ես թատրոններդ ես խաղում, կա՛մ կենտրոնացիր՝ պարապում ենք միջազգային հարաբերություններ դիմելու համար, այսինքն թողնելու ես թատերական խմբակը: Մինչեւ հիմա մտածում եմ՝ ինչ վատ կլիներ, որ հիմա փայլուն տիրապետեի ֆրանսերենին, երբ ասաց՝ ընտրի, ես ասացի՝ չեմ թողնի թատերականը: Տանը, մասնագիտության ընտրության պահին մամաս կողքիս, էր ու պապայիս համոզող եղավ մեր թատերական խմբակի ղեկավարը՝ Գեւորգ Կարապետյանը, ու հայրիկս փորձեց ավելի շատ չխանգարել: Կային պահեր, երբ ես էի շատ վախենում, որովհետեւ հասկանում էի, որ եթե, օրինակ՝ մաթեմատիկայի քննություն հանձնեի, վստահ կլինեի, որ պատասխանը ճիշտ եմ ստացել, խնդիրը ճիշտ եմ լուծել, իսկ թատերական դիմելու դեպքում, օրինակ, բանաստեղծություն ես արտասանում, բայց ամեն ինչ սուբյեկտիվ է, կարող է ոչ մեկի էլ դուր չգաս: Որոշեցի դիմել ռեժիսորական բաժին, որ իմ մաթեմատիկական, երեւակայական լուծումները փոխարինեմ բեմական լուծումներով՝ միաժամանակ շատ երազելով դերասանուհի լինել, բայց ես միայն ռեժիսորական բաժինը նշեցի ու այդ տարին ընդունվեցի»:

Նարինե Գրիգորյանի խոսքով, իրենց կուրսում ուսանողները պասիվ էին, ու դասախոսները չէին սպասում, որ այդ կուրսից լավ մասնագետ դուրս կգա: Նարինե Գրիգորյանն աչքի ընկավ հատկապես վերջին կուրսում իր ավարտական աշխատանքով , որը մոնոներկայացում էր ու հենց ինքն էր խաղում. «Երբ հարցրին՝ իսկ ուր են քո դերասանները, ես պատասխանեցի՝ ես եմ խաղում, իսկ դա, իհարկե, մեծ մինուս է ռեժիսորի համար, որովհետեւ  ռեժիսորը պետք  է բեմադրությունի անի դերասանների հետ, այդտեղ է երեւում՝ ինչքանով է նա ունակ աշխատել դերասանների հետ: Ներկայացումը հաջողված էր, վերջում կար մի պահ, որ  ես չգիտեի՝ լուծումն ինչպես անել, ասացի՝ այստեղ չգիտեմ ինչ անեմ,  Ալեքսանդր Գրիգորյանը (թատերական գործիչ) դիտելու ընթացքում քիչ-քիչ առաջ էր եկել, միանգամից ասաց՝ շարունակիր, մի խանգարի, ես շարունակեցի ու երբ ավարտեցի, Ալեքսանդր Գրիգորյանը շատ էր հուզվել, միանգամից ասաց՝ կիջնեմ դեկանատ, աֆիշան ենք սարքում, դնենք խաղացանկ: Ես կնոջ կերպար էի ներկայացնում՝ Եվան, որ կծում է խնձորը ու թե հետո ինչերի է կերպարանափոխվում, դա պոդիումի գծի նման էր, ու կերպարներ էին առաջ գալիս, մեկ դառնում էր տնային տնտեսուհի, մեկ՝ ստրիպտիզ պարուհի, մեկ՝ «մանաշկա» ու այդպես կերպարների ցուցադրություն էր: Այս ներկայացումը մինչեւ հիմա կա իմ պահարանում, որպես համերգային ծրագրի լավագույն համար, երբ մի տեղ ենք գնում ու լինելու է շոու ծրագիր, այն միշտ տանում ենք: Նույնիսկ վերջերս էլ խաղացի խուլ ու համրերի համար: Այս ներկայացումից հետո ինձ շատերը նկատեցին. առաջին բեմելս շատ վախեցած էր, բոլոր կուլիսներում ջուր էր դրված, մտնում էի, խաղում էի, հետո վազում էի ջուր էի խմում, գալիս էի, որ շրթունքս պոկեի ատամիցս, որ կարողանայի խոսել, այդքան վախեցած էի»:

Աշխատանքային խոչընդոտներ դերասանուհին չի ունեցել, ասում է՝ հարթ է անցել ինստիտուտից թատրոն ճանապարհը. «Ես ոչ մի խոչընդոտ՝ նախանձի, տարածք չունենալու, արտահայտվել չկարողանալու առումով չեմ ունեցել, չի եղել, որ երազանք մնացած լինի ինչ-որ մի դեր խաղալը, չկա՝ ասեմ ես իմ ուզած դերը չխաղացի, իսկապես, միշտ լավ դերեր եմ խաղացել, միշտ տարածք եմ ունեցել խաղալու, փորձ անելու համար: Իսկ դերասանի մասնագիտությունն այնքան դաժան մասնագիտություն է, ամեն օր պետք է փաստես, որ արժանի ես խաղալու, ամեն օր կանգնած ես քննության առաջ՝ արժանի ես բեմ բարձրանալ, թե՝ ոչ: Իսկ վատ ներկայացումից հետո այնպիսի տապալում է գալիս, էնպես ես ամաչում, որ ուզում ես երեսդ փակել հանդիսատեսի առաջ»:

Նարինե Գրիգորյանը բացի սիրած մասնագիտությամբ զբաղվելուց ունի իր բիզնեսը, կենտրոն վարչական շրջանում արդեն մոտ երկու տարի գործող «Պիգմալիոն» գեղեցկության սրահը նրան է պատկանում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031