Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ հարյավ ի մեռելոց (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Մայիս 18,2019 22:00

Երբ մեկ միլիոն երկու հարյուր հազար խնդիրներ կուտակվեցին աբորիգենների մայրաքաղաքում, քաղաքապետն ինքնասպանության փորձ կատարեց, իսկ ամենայն աբորիգենաց կաթողիկոսը դուրս եկավ խնդիրներն օրհնելու: Հաշվի առնելով այն հաճելի ճշմարտությունը, որ պաշտոնյան նմանակ պիտի ունենա կյանքում և աշխատանքում, տիկնիկային թատրոնի և պրոթեզավորման ազգային կենտրոնի մասնագետները պատրաստել էին շատ շարժունակ մի խամաճիկ, որ բացարձակ նմանության պատճառով շարունակ փոխս էր ընկնում քաղաքապետի հետ: Սույն անշունչ առարկան նախատեսված էր որոշ պաշտոնական հանդիպումներում կիրառվելու համար, ժողովրդի առաջ խաղացվելու և երբեմն ինքնասպանվելու համար: Հենց սա էր պարագան, երբ ի վերջո կուտակվեցին մեկ միլիոն երկու հարյուր հազար անլուծելի խնդիրներ, որոնց ժողովուրդը շատ երկար էր սպասել:

– Տեսա՞ք,- հրճվում էին մանր տառերով նամակներ գրողները՝ ծոցագրպանի մեջ խոստումներ թաքցնելով,- տեսաք, չէ՞, թե ինչ արեց մեր աննախադեպ քաղաքապետը:

– Ո՞վ,- րոպեն մեկ հետաքրքրվում էին Լուբյանկայից, բայց նրանց ոչ ոք առայժմ չէր պատասխանում, որովհետև դուխը (շշից փախստական ջինը) մի քանի օրով կորել էր:

– Թոշա՞կն են բարձրացրել,- անընդհատ հարցնում էր համենայնդեպս կենդանի մի պառավ՝ համընդհանուր խառնաշփոթից գլուխ չհանելով:

Խիստ հաճելի այս իրավիճակում հոգևոր հայրերը թափթփվել էին մայրաքաղաքի փողոցներում՝ աղոթքի օգնությամբ քաղաքապետի աշխատավարձը կարգավորելով, իսկ Կաթողիկոսը խունկ էր ծխում՝ հնարավոր և անհնար բոլոր բաները սրբացնելով: Մեծ, պսպղուն արցունքներ էին հոսում աչքերից, երբ փողերն էր հաշվում՝ ուրախ-ուրախ բացականչելով.

– Երանի մայրաքաղաքի վերելակներից օգտվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, երբ ճոպանները կկտրվեն:

Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանք կվարձատրվեն՝ ծերության թոշակը հետմահու ստանալով:

Երանի հեզերին, որ ամեն օր տանջամահվում են երթուղային տաքսիներում, որովհետև նրանք են ժառանգելու երկիրը:

– Արևմտյան Հայաստա՞նը,- խիստ զարմանում էին որոշ տգետ բանվորներ՝ քարուքանդ արտադրող գործարաններից:

Նրանց բարբաջանքները, սակայն, բնավ չէին խանգարում Կաթողիկոսին, և նա ի սրտե շարունակում էր սուրբ խոսքը՝ կատաղությունից կաս կանաչ($) կտրելով:

– Երանի նրանց, որ սոված ու ծարավ են արդարության, որովհետև արդարությունը հաշիշ է ժողովրդի համար:

– Երանի ողորմածներին, որովհետև վաղը մյուս օր նրանք էլ ողորմություն կհավաքեն՝ դռներ բախելով, ինչպես որ մեր տեր Հիսուս Քրիստոսն էր բախում հավեսի համար:

Ի դեպ, ազգի մեկ միլիոն երկու հարյուր հազար անլուծելի խնդիրներն օրհնելու պահը համընկավ Հիսուս Քրիստոսի հարության և քաղաքապետի ինքնասպանության հետ: Ոմանք շնորհավորում էին միմյանց՝ խիստ ցնծության պահին կարմիր ձվեր կռվացնելով, ու զկրտում էին ի սրտե.

– Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Ոմանք էլ նույնպես շնորհավորում էին միմյանց՝ խրխնջալով մեկ այլ ճշմարտություն.

– Քաղաքապետ հարյավ ի մեռելոց:

Եվ հիմա խեղճ ու երանելի ժողովուրդը երկու մասի էր բաժանվել, քանզի ոմանք բղավում էին՝ օրհնյալ է հարությունը Քրիստոսի, իսկ ոմանք կոկորդ էին պատռում, որպեսզի էլ ավելի բարձր բղավեն՝ օրհնյալ է հարությունը քաղաքապետի:

Հաշվի նստելով այն փաստի հետ, որ մեռածները մեզանում հանկարծ հարություն են առնում, իմ պետության ղեկավարները համապատասխան միջոցառումներ էին իրականացրել: Բանվորագյուղացիական խավի աջ ականջաբլթակները ծակել էին՝ կանաչ ականջօղեր տեղադրելով, որպեսզի այս խավը չշփոթվի հանկարծ ու գրագիտություն չսովորի երբեք, մտավորականներին անագե կոշիկներ էին հագցրել՝ որ ցավից զատ այլ մտորում չունենան, իսկ վերնախավը խուճուճ կեղծամներ էր կրում՝ ի նշան բարձր պատկանելության:

Պանծալի այս իրավիճակում Պաշտպանության նախարարը հռչակեց աննախադեպ մի կոչ, որ հրաման պիտի լիներ, եթե չեմ սխալվում: Կոչը հրամայում էր. «Աբորիգենների հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա անձնական օգտագործման պատ, որի վրա ի տես ամենքի պետք է ունենա անձնագրի պատճենը, լուսանկար՝ 30 x 40 չափսի, թաքուն մտքերի հակիրճ նկարագիրն ու փաստաթուղթ առ այն, որ ապագայի հետ կապված հույսեր չի կապում այլևս: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դիմավորի լուսաբացն իր պատի տակ, թավշյա խոստումներ բառաչելով և մտքում փայփայելով գնդակահարվելու պատրաստակամություն»:

– Ի՜նչ լավ կլինի,- հիվանդանում էի գաղափար լպստողները:

– Բայց՝ ինչո՞ւ,- տարակուսում էին ուրիշի մտքերում անհանգստացողները:

– Ի՞նչ եք ասում, է՜,- զայրանում էին խուլ ու համր այլոք:

Եվ մինչ նախարարի հրամանը քննարկվում էր սուրբ հարության կենտրոններում, անցան ութ երկար ու ձիգ ամիսներ, որոնք զորավարժություններ էին հիշեցնում: Քանզի ամեն օր, առավոտից մինչ իրիկուն, մարդ էին գնդակահարում սեփական պատերի, սեփական հույսերի, սեփական սիրո, սեփական հանդգնության և սեփական ապագայի տակ՝ ոչ մարտական գնդակներ օգտագործելով, իսկ նրանք բոլորը անվնաս տուն էին վերադառնում, բայց՝ մի քիչ գնդակահարված:

– Այսօր էլի կրակե՞լ են, այո՞,- շշուկով հետաքրքրվում էին հարևաններն ու տան անդամները:

– Հո շատ չցավե՞ց, սեր իմ,- երեկոյան ցավակցում էին զմիմյանս տարբեր սեռ ունեցող մարդիկ, որ ամուսնական առագաստ գնելու համար գյուղատնտեսական վարկեր էին վերցրել:

– Ինչ վարկե՞ր…

– Իհարկե՝ գյուղատնտեսական,- անտաշ արարած:- Որովհետև սա մի երկիր է, որտեղ ճահիճ պիտի չորացնես ու բրինձ պիտի ցանես՝ ուտող բերան երեխայի ոչ հոգևոր կարիքները բավարարելու առաքելություն ստանձնելով՝ ցմահ:

– Բա սրա վերջը ի՞նչ կլինի,- շարունակ հետաքրքրվում էին ընդդիմության ընդմիշտ համաձայն դերասանները՝ «Սրա վերջը ինչ կլինի» օրաթերթ հրատարակելով:

– Բայց հատկապես ի՞նչը նկատի ունեք,- տարակուսում էին սուրբ կույս Մարիամի հետքերին հետևողները:

– Այսինքն, ուզում եք իմանալ, թե մինչև ե՞րբ են պատերի տակ պատվաստելու,- քայլելով զրուցում էին լայն մասսանները:

– Մի րոպե: Հարցախեղդ արեցիք: Դուք ուրիշ անելիք չունե՞ք:

Իսկապես: Ամբողջ այս պատմությունը գրվել է հանուն վերջին ճշմարտության, որ, կներեք, չեմ կարող բացահայտել:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031