Այսօր տեղի է ունենալու «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանի`մինչ օրս հնչեցրած հրապարակային հայտարարություններից, ելույթներից եւ հարցազրույցներից, պարզ է դառնում, որ այս կուսակցությունը դիրքավորվելու է, այսպես ասած, նախկինների եւ ներկաների միջեւ` հավակնելով ձեւավորել ընդդիմադիր լուրջ բեւեռ` կանխելու նախկինների վերադարձը եւ շահելու ներկաներին չհամակրողների կամ ներկաներից արդեն իսկ հուսախաբվածների սիրտը:
Թե որքանո՞վ կհաջողվի նորաստեղծ կուսակցությանն իրականության վերածել քաղաքական ամբիցիաները, «Առավոտի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց` ժամանակը ցույց կտա, բայց եթե այս ժամանակահատվածում մուտք են գործում քաղաքական դաշտ, բնական է, որ հավակնությունները մեծ են:
Կստացվի, թե՞ ոչ, կախված է իրենցից. «Ինչպիսի՞ գործունեություն կծավալեն, ընտրազանգվածի ո՞ր հատվածի վրա կաշխատեն, ինչպե՞ս կաշխատեն, կլինե՞ն հետաքրքիր ընտրողների, լրագրողների, փորձագետների համար`կկայանան, հասարակությունն էլ իր վերաբերմունքը ցույց կտա: Չե՞ն լինի, ուրեմն կդառնան 100-ից մեկը»:
Մայիսի 16-ին ռուսական «Իզվեստիա»-ում հրապարակվեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հոդվածը`«Ռուսաստանի էներգետիկ ապագան`Հարավային կովկասում» վերնագրով: Թե արեւմտամետ հայացքների տեր գործչի համբավ ունեցող Արթուր Ղազինյանն ինչո՞ւ է «վերանայել» իր մոտեցումները, պարոն Ղազինյանը բացատրել էր ավելի վաղ`«Առավոտի» հետ զրույցում:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ հայաստանյան քաղաքական դաշտի հազվագյուտ գործիչների է հաջողվել «Իզվեստիայում» հոդված տպագրել`նկատի ունենալով ռուսական քաղաքական կոնյուկտուրան: Նկատի ունենալով ներկայիս հայ-ռուսական ոչ հարթ հարաբերությունները եւ այն առաջարկը, որն իր հոդվածում հնչեցրել է հոդվածագիրը, պատկերն առավել ուշագրավ է դառնում: «Իզվեստիայում», ի դեպ, վերջին հոդվածը տպագրել էր ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը`մոտ երկու տարի առաջ: Այս իրողությունը, քաղտեխնոլոգի համար հայաստանյան գործիչների հետեւից երեւացող «ռուսական ականջների» ցուցիչ չէ, քանի որ «կրեմլյան խոսափող» համարվող Մոդեստ Կոլերովն, օրինակ, իր վերջին հոդվածում գրել էր, որ ՌԴ-ն Սերժ Սարգսյանին երբեք էլ չի վստահել:
Ինչեւէ: Իր հոդվածում Արթուր Ղազինյանը բավական ուշագրավ առաջարկ է ներկայացնում ՌԴ-ին: Նա, մասնավորաբար գրում է. «Ուսումնասիրելով Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կարելի է նկատել, որ այն ունի 3 ծովերը միմյանց կապելու լուրջ ներուժ և կարող է այլընտրանք դառնալ Ասիական շուկան եվրոպական շուկային կապող ծովային ճանապարհին: Պարսից ծոցը, Կասպից ծովն ու Սև ծովը իրար հետ կապելու միակ հնարավորությունը Հարավային Կովկասի պետությունների միջև կոմունիկացիոն ուղիների գործարկումն է, որից կարող են օգտվել նշված գրեթե բոլոր պետությունները: Ռուսաստանն առայժմ միակ պետությունն է, որ ունի առերևույթ և տեսանելի ազդեցություն տարածաշրջանային գործընթացների վրա և տիրապետում է ենթակառուցվածքային լայն հնարավորությունների՝ վերագործարկելու հարավ-կովկասյան տրանզիտային ներուժը և Իրանի հետ համաձայնության գալով ապահովելու Պարսից ծոցից ապրանքների և էներգակիրների փոխադրումը դեպի Եվրոպա(…):
Հարավային Կովկասի բոլոր պետություններն ունեն կառուցողական և արդյունավետ համագործակցություն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Որոշակի խնդիրներ կարող են ծագել Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում, սակայն տարածաշրջանային գործընթացների խորացման և արդյունավետ առաջխաղացման պարագայում Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները կարող են կարգավորվել, իսկ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի ժողովրդի վերաբերմունքը հաստատապես կվերականգնվի(…):
Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Ռուսաստանի համար ներկայումս ամենահարմար պահն է նախաձեռնել երկխոսություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև` ընդհանուր շահերի ինվենտարիզացիայի, նույնականացման և դրանց պրակտիկ իրականացման համար: Միջազգային հարաբերությունների կառուցվածքի դինամիկ էվոլյուցիայի և փոխակերպման ներկայիս տեմպերով դժվար է կանխատեսել, թե ինչ իրավիճակ կլինի աշխարհում մի քանի տարի հետո և որ դիրքերում կհայտնվեն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները տեսանելի ապագայում(…):
Պետք է գիտակցել, որ Հարավային Կովկասի հեռանկարային զարգացման և ընդհանուր շահի ձևավորման բարդ խնդիրը պետք է վերլուծեն Ռուսաստանի ուղեղային կենտրոններն ու Հարավկովկասյան երեք պետությունների կառավարությունների հետ աֆիլացված պրոֆեսիոնալ փորձագետները` ապահովելով գործընթացի ապաքաղաքականացվածությունը և պրոֆեսիոնալ փորձագիտական և ակադեմիական մեթոդներն ու գործիքները»:
Հարավային Կովկասում ՌԴ-ի դերակատարության նման շեշտադրումը եւ նոր մակարդակի բարձրացումը, քաղտեխնոլոգի համար զարմանալի չէ: Նկատում է, որ գոնե վերջին 300-400 տարիների ընթացքում Հարավային Կովկասը, Հայաստանն այսպես թե այնպես եղել են ՌԴ-ի եթե ոչ ուշադրության, գոնե շահերի կենտրոնում: Ըստ մեր զրուցակցի, Հայաստանը, վերջին տարիներին առավելապես հայտնվել էր ռուսական կացնային քաղաքական եւ աշխահաքաղաքական շահերի կիզակետում եւ համամիտ է հեղինակի հետ, որ հարաբերությունները պետք է առավելապես տնտեսական հարթություն տեղափոխվեն:
Տնտեսական հարաբերությունների գերակայության դեպքում էլ, մեր զրուցակիցը համամիտ է հոդվածագրի հետ` ՌԴ- Վրաստան քաղաքական հարաբերությունների` նույնպես դրական հանգուցալուծման մասով, մանավանդ, որ դրանք Բիձինա Իվանիշվիլիի շնորհիվ բավական մեղմվել են եւ ՌԴ նախագահն արդեն մոտ մեկ տարի առաջ սկսեց խոսել աբխազական երկաթգծի կամ Աբխազիայով ճանապարհը բացելու անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերվում է հարցին` ունի՞ ՌԴ-ն Հայաստանում տնտեսական հետաքրքրություններ կամ ՀՀ ներկայիս իշխանության հետ ոչ հարթ հարաբերությունների պարագայում, որքանո՞վ է հնարավոր դրանք իրագործել, մեր զրուցակիցը նկատում է. «Կապ չունի` ՌԴ-ն է, ԱՄՆ-ն է, թե Չինաստանն է, եթե խոսքը գնում է տնտեսական հարաբերությունների մասին`անկախ օրվա իշխանություններից եւ փոփոխվող կառավարություններից, մեր խնդիրը միշտ եղել է այն, որ կարծել ենք, թե մեզ պետք է պահեն. չգիտես ինչո՞ւ, բայց մեզ պետք է փող տան, օգնեն, որովհետեւ, ենթադրենք, մեր ռազմավարական գործընկերն է կամ մենք հեղափոխություն ենք արել, դեմոկրատական ենք, որովհետեւ Չինաստանին հետաքրքրում ենք, որովհետեւ պան-թուրանական ծրագրում սեպ ենք… Նման բաներ չկան: Մոռացեք: Մենք պետք է հետաքրքիր բան առաջարկենք: ՀՀ-ն կառաջարկի`հետաքրքիր բան` ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Եվրոպային, Իրանին, Չինաստանին`կլինի այդ ծրագիրը, չի՞ առաջարկի`չի լինի, քանի որ մենք տնտեսական առումով իրենց համար շատ փոքր շուկա ենք եւ աշխարհագրական ոչ ամենալավ դիրքում`երկու կողմից փակ սահմաններ, ելք դեպի ծովը չունենք: Այսօրվա աշխարհում հաղթում է կրեատիվը: Դու պետք է կարողանաս առաջարկել այնպիսի բան, որտեղ հետաքրքիր կլինես եւ տնտեսական համագործակցությունը կկայանա»:
Արթուր Ղազինյանը` Հարավային Կովկասում առկա չլուծված հակամարտությունների մասին իր հետագա վերլուծությունում, նաեւ նշում է. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկել ոչ թե, որպես տարածաշրջանային գործընթացների նախապայման և պատճառ, այլ որպես հետևանք, քանի որ Հարավային կովկասի ապագայի տեսլականի մշակումը իրական հնարավորություն կստեղծի վստահության մթնոլորտի ձևավորման, ապագայի նկատմամբ հավատի ձևավորման և կառուցողական երկխոսություն սկսելու համար»: Մեր զրուցակիցն այս դրույթի հետ համամիտ չէ: Նրա կարծիքով, այդ հակամարտությունը մի խնդիր է, որը շատ պետությունների հետաքրքրության շրջանակում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ