ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ ցույց անող քաղաքացիները Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք այդպիսով նաեւ իրազեկման ակցիա են անցկացնում, որ էլ ավելի շատ քաղաքացիներ միանան բողոքի ցույցին:
Պահանջը մեկն է` անհապաղ կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:
Երթի մասնակիցները գոչում են «Քոչարյան, մարդասպան», «միացում», «մենք ենք տերը մեր երկրի», «Քոչարյանին` ցմահ», «ալբանացի»:
Հիշեցնենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ընդունել Արցախի նախագահների երաշխավորությունը եւ փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկուսարանից դուրս է եկել եւ գտնվում է տանը:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները հընթացս որոշեցին գնալ Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարգել տասը տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: Մյասնիկյանի արձանի մոտ հնչեցվեցին տասը զոհերի անունները: Յուրաքանչյուր անունից հետո ցույցի մասնակիցները բղավում էին`«Իմ եղբայրն է»:
Թեեւ որոշված էր Ազատության հրապարակից գնալ Հանրապետության հրապարակ եւ ավարտել ցույցը, բայց ցույցն, ամենայն հավանականությամբ, կավարտվի Մյասնիկյանի արձանի մոտ:
ԼՐԱՑՎԱԾ
Երթը Մյասնիկյանի արձանի մոտից շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետեւ Հյուսիսային պողոտայով`դեպի Ազատության հրապարակ: Արդեն Ազատության հրապարակում Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք դատարանի մոտ օրեր շարունակ պայքարում էին եւ որոշումից հետո էլ շարունակեցին պայքարել:
Բողոքի ցույցն այսօր ավարտվեց: Վաղը այն կշարունակվի կրկին Ազատության հրապարակում` երեկոյան 18.00-ից:
Ցույցի մասնակիցները պատկան մարմիններին ժամանակ տվեցին մինչեւ երկուշաբթի օրը, ժամը 16.00-ն՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար: Այլապես սպառնում են հրաժարականներ պահանջել, այդ թվում՝ նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ