ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկուսարանից դուրս է եկել: Նա դուրս է եկել ետնամուտքով եւ լրագրողների հետ չի շփվել:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն, որը նույնպես մեկուսարանի մոտ սպասում էր իր պաշտպանյալին, լրագրողներին ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում խանգարել դատաքննությանը:
Մեղադրող դատախազները հավանական էին համարել, որ կբողոքարկեն Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշումը: Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ օրենքը թույլ չի տալիս այս փուլում կայացված դատական ակտերի բողոքարկում: Ըստ նրա՝ եթե դատախազությունը որոշի բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, դա կլինի հերթական ապօրինի քայլը`դատախազության կողմից այս գործով: Հայկ Ալումյանն ասում է, որ ինքը, համենայնդեպս, չի զարմանա, քանի որ դատախազությունը այդ գործելաոճն է ընտրել: Այս պահից սկսած Հայկ Ալումյանը Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ չի անվանում, այլ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող:
Նա նաեւ ասաց, որ չի բացառվում, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս հրավիրի, եթե երաշխիքներ լինեն, որ այն կրկին չի տապալվի: Հիշեցնենք, որ մինչ մեղադրանք առաջադրելը Ռոբերտ Քոչարյանի հրավիրած մամուլի ասուլիսը տապալվել էր:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանն ասաց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն, իր կարծիքով, Արցախ մեկնելու իրավունք ունի, բայց եթե նման մտադրություն լինի, իր պաշտպանյալը դա կանի միայն դատարանի թույլտվությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ