«Ես միշտ հանուն եմ, հանուն ազատության»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք եւ Ավան նստավայրի մոտ էր:
Հիշեցնենք, այսօր առաջին ատյանի դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց հիմք ընդունել Արցախի նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը եւ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Նա ազատ կարձակվի:
Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել էր, որ ինքն այն կողմում է կանգնելու, որտեղ ազատությունն է: Հարցին` եկել է աջակցելու Ռոբերտ Քոչարյանի՞ն, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ, որովհետեւ առաջին քաղաքական գործիչն եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին համարել եմ քաղաքական բանտարկյալ»: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն էլ մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:
Դատարանի շենքի մոտ իր ներկայության մասին Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իր կուսակցության, ՀՀԿ-ի դիրքորոշումը չէ:
Կարդացեք նաև
Ինքը դատարանի մոտ է իբրեւ ՀՀ քաղաքացի Էդուարդ Շարմազանով, քանի որ իր հայրենիքում թշնամիներ չունի. «Ես եկել եմ աջակցելու Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին, եւ որեւէ մեկի դեմ չեմ: Ես իմ հայրենիքում, ի տարբերություն շատ մարդկանց, երբեք թշնամիներ չունեմ: Ես միշտ ազատության կողմն եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից