ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանի վճռի հրապարակումից հետո, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե Ռոբերտ Քոչարյանին այսօր ազատ չարձակեն եւ նա տանը չգիշերի, ապա որոշումն ապօրինի կլինի:
Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը Արամ Օրբելյանը համարում է իրենց ռեալիստական-վատատեսական տարբերակը: Լավատեսական սցենարն, իր կարծիքով, գործի կարճումն է: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը քանիցս էր հայտարարել, որ դատարանի վրա քաղաքական ճնշման փորձ կա: Արամ Օրբելյանը չի կարող գնահատական տալ, թե որքանո՞վ է դա ազդել դատարանի որոշման վրա:
«Մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ`արդարադատությանը խոչընդոտելու, մենք դա ամեն քայլափոխի տեսնում ենք: Ցանկանում ենք տեսնել պետության գործողությունները այդ ռիսկը վերացնելու գործում»,- ասաց Արամ Օրբելյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գնացեին մեկուսարան, որտեղ պահվում է երկրորդ նախագահը:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումի հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ հավաքված Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բղավում էին` «հաղթանակ», «ժողովուրդը հաղթեց», «Հայաստանում արդարադատություն իրականացվեց», «Սեւ ու սպիտակ չկա, մենք մեկ ժողովուրդ ենք»:
Նրանք շնորհավորում էին միմյանց: Ցանկանում էին երաժշտություն միացնել եւ պարել դատարանի շենքի մոտ, սակայն ոստիկանությունը հորդորեց նման բան չանել: «Չտխրեք` մենք ուրիշ տեղ կպարենք»,- հայտարարեց ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույցի կազմակերպիչը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ողջագուրվում էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ, որը դատարանի դահլիճից դուրս գալով` մոտեցավ յուրայիններին: Ռոբերտ Քոչարյանի մյուս որդին` Լեւոն Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումից բավարարված է այնքանով, որ իր հայրը ազատ կարձակվի:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել էին, որ դատարանի վրա ճնշումներ կան: Լեւոն Քոչարյանն ասում է`«Շարունակությունը կտեսնենք, պրոցեսը չի վերջացել»: Նա համարում է, որ իր հայրն այսքան ժամանակ ապօրինի էր կալանքի տակ գտնվում:
Ռոբերտ Քոչարյանի որդիները հեռացան ոստիկանական ուժերի ուղեկցությամբ:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու դեմ հանդես եկողները բավական զայրացած ու հիասթափված էին դատարանի որոշումից: Կոչեր հնչեցին Ազատության հրապարակում երեկոյան հանրահավաք անելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ