Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատարանը որոշեց ընդունել Արցախի նախկին եւ ներկա նաագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը:
Դատարանի դահլիճում ե՛ւ ծափեր էին հնչում, ե՛ւ «ամոթ» վանկարկումներ: Իսկ դատարանի առջեւ հավաքված քաղաքացիների մոտ լարվածությունը մեծանում է:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը խորհրդակցական սենյակ էր անցել հինգշաբթի երեկոյան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1-ի» գործով` սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Գործի դատաքննությունը սկսվել է երկուշաբթի օրվանից եւ մեկնարկել է հենց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
Այս գործով անցնում են նաեւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը:
Առավոտից դատարանի շենքի մոտ լարված իրավիճակ է: Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել` հորդորելով մարդկանց հավաքվել դատարանի շենքի մոտ, քանի որ ինքը տեղեկություն ուներ, թե դատավորի վրա ճնշում է գործադրվում, եւ նա պատրաստվում է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այդ մասին մամուլի ասուլիսում ահազանգել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ավելի ուշ «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանն էր տարակուսանք հայտնել, թե որտեղի՞ց է իշխանական պատգամավորին հայտնի, թե ի՞նչ է մտածում դատավորը:
Դատարանի դահլիճում էին «Մարտի 1»-ի զոհերի հարազատներից Սարգիս Քլոյանը, Վաչագան Ֆարմանյանը:
Դատարանում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Նա լրագրողներին ասաց, որ այս որոշման համար միայն ուրախ է:
Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ