Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազության հայտարարությունը մամուլի ազատության վրա ճնշում գործադրելու փորձ է․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Մայիս 18,2019 15:28

Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև մամուլի աշխատանքներին։

«…Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլյացման փորձերը թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,- նշված է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և  կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։

Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ը հստակ սահմանում է Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, ըստ որի՝

«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ լրագրողների  և  Դատախազության հաղորդակցության ընթացքում՝ լրագրողների իրավունքների հիմնական երաշխիքները և դրանց կարևորությունն ընդգծվում է մի շարք  միջազգային փաստաթղթերում։

Այսպես՝

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի  9 (2014) կարծիքով՝ Հռոմի կանոնադրությամբ, նշվում է, որ դատախազների և մեդիայի հետ շփումներում պետք է հաշվի առնվեն տեղեկատվություն ստանալու և մամուլի ազատության իրավունքը։

Խորհրդի 8(2013) կարծիքի համաձայն՝

Դատախազությունը հատկապես զգուշավորություն պետք է դրսևորի խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ։

«Մամուլի ազատությունը պետք է երաշխավորված լինի իրավական գործընթացների ժամանակ։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի  ներքո ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի համաձայն՝ մամուլը պարտականություն ունի փոխանցել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ և գաղափարներ, որն ընդգրկում է հանրության իրավունքը՝ ստանալ դրանք՝ դրանով հնարավորություն ընձեռելով մամուլին իրականացնել  հանրային հսկիչի դերը։ Այս գործընթացում մեդիան պետք է ավելի պաշտպանված լինի, եթե իր ներդրումն ունի այնպիսի հարցերի քննարկմանը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դատական իշխանության  և դատախազական մարմինների հաղորդակցության ուղեցույցի (2018) համաձայն՝ լրագրողները պետք է դիտարկվեն՝ որպես գործընկերներ, ոչ թե թշնամիներ։

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը փորձ է՝ ճնշում գործադրել մամուլի ազատության վրա և հասարակության աչքերում լրատվամիջոցներին ներկայացնել՝ որպես հասարակական կարծիքը խեղող թշնամիներ։ Սա ուղղակի խոչընդոտ է մամուլի ազատ գործունեության համար։

Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայաստանում լրագրողների առջև ծառացած խնդիրների հարցը բարձրացնելու է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի առջև։

Թվում է, թե զուտ իրավական գործընթացների գլխավոր դերակատարները պետք է կողմերը լինեն, իսկ ԶԼՄ-ները՝ զուտ այդ կողմերի տեսակետների, կարծիքների, հայտարարությունների ու միմյանց հակադարձումների` հասարակության լայն շրջանակներին հասանելիություն ապահովողները։ Սակայն, չգիտես ինչո՞ւ, ՀՀ Գլխավոր դատախազությունը, իր բուն անելիքը թողած, փորձում է նաև սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը, գրաքննության ենթարկել հրապարակումները։

ՀՀ Գլխավոր դատախազությունը, ըստ էության, շեղվել է Սահմանադրական իր առաքելությունից ու գործառույթների կատարումից և ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ՝ այդ ընթացքում դառնալով քաղաքական գործընթացների կողմ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031