Լրահոս
Օրվա լրահոսը

Նորմալ եմ համարում, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի համար. Արթուր Ղազինյան

Մայիս 18,2019 13:44

«Գործի նյութերին ծանոթ չեմ, գործի հիմքում դրված ապացուցողական բազային ծանոթ չեմ, հետեւաբար, իրավական գնահատական տալ դատավարությանը, դրա ընթացքին, չեմ կարող»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը`պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը վերաբերվող հարցին:

Հիշեցնենք, այսօր «Մեկ Հայաստանի» հիմնադիր համագումարն էր: Հիշեցնենք, նաեւ, որ այսօր հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը: Նրա համար 500 հազար դրամ եւ անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Արթուր Ղազինյանը շատ ընդհանուր բնութագրեց` դատարանի դահլիճում ընթացող գործընթացը նորմալ է: Բայց, այլ հարց է, թե ի՞նչ է կատարվում դատարանի դահլիճից դուրս: Խոսքը երկու կողմերի երկրպագումների հավաքների եւ առաջին օրերին անգամ միմյանց նկատմամբ վիրավորանքների հասնող զարգացումների մասին է: «Դա ինձ իրոք մտահոգում է: Դա անթույլատրելի է: Տասը տարի առաջ, այդ նույն դահլիճում նստած էին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, որոնց դրսում աջակցում ու պաշտպանում էին իրենց կողմնակիցները: Գործելաոճը` իրար դեմ հանելու, բարիկադներ կառուցելու, ինձ համար անթույլատրելի է»: Եթե այդ ամենը դիտարկենք իբրեւ ճնշում դատարանի վրա, ապա Արթուր Ղազինյանը ճնշում համարում է երկու կողմից էլ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ինչ վերաբերվում է Արցախի գործող նախագահի` դատարան գալուն, անձնական երաշխավորություն ներկայացնելուն եւ որոշ իրավաբանների պնդումներին, որ դա իրավաչափ չէ, Արթուր Ղազինյանը հորդորում է` չբաժանել Արցախն ու Հայաստանն իրարից եւ հիշեցնում` Արցախը եղել ու մնում է Հայաստանի մի մասը, այլ հարց, որ այս պահին, աշխարհաքաղաքական դրսեւորումներից ելնելով, մենք ունենք երկու հայկական պետություն. «Հետեւաբար, շատ նորմալ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց նախկին գործընկերոջն աջակցել հարցում երաշխավորագիր են ներկայացրել: Պետք է հստակ տարանջատենք մեկ հանգամանք` խոսքն այստեղ չի գնում ազատ արձակելու, մեղադրանքը կարճելու կամ մեղադրանքը վերացնելու մասին: Խոսքը գնում է ընդամենը խափանման միջոցը փոխելու մասին: Եթե կա հանցագործություն, ապա պետք է թողնել` դատարանն իր վճիռը կհրապարակի: Իսկ նախնական կալանքը վերացնելու միջնորդությունը շատ բնական երեւույթ է, ոչ մի արտառոց բան չկա այստեղ»:

Նա դեմ է փողոցային պայքարի շարունակմանը. «Փողոցային պայքարը մեկ անգամ Հայաստանում հաջողություն բերեց. Ես կարծում եմ, պետք է այդ էջը փակել եւ շարունակել առկա խնդիրները հանգուցալուծելու ճանապարհով: Մարդկանց իրար դեմ հանելը կոնստրուկտիվ չէ»: Նրա կարծիքով, ոստիկանությունն այսօր ի զորու է զսպել կողմերին, բայց եթե կարիք կլինի, իրենք եւս կկանգնեն հակամարտող կողմերի միջեւ:

Ի դեպ, համագումարին ներկա չէին իշխող ուժի ներկայացուցիչները: Արթուր Ղազինյանն ասաց, որ հրավերներ բոլորին են ուղարկվել, իսկ իշխող ուժի չգալը նա համարում է Հայաստանում քաղաքական մշակույթի բացակայության տիրույթից, ինչի մասին նաեւ իր ելույթում ասաց:

Հարցին` իշխող ուժի վարած հատկապես ո՞ր քաղաքականությանն են իրենք դեմ, նա պատասխանեց, որ դրա համար պետք է նախ հստակ լինի, թե իշխող ուժն ի՞նչ քաղաքականություն է վարում, ինչն այդքան էլ հստակ չէ: Միակ հստակությունն այն է, որ իշխող ուժը ներկայի եւ անցյալի բախումով փորձ է անում ծածկել օրակարգի բացակայությունն ու դրա ձեւավորման հնարավորությունը: Ինչ վերաբերվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերին, որոնք ցույց են տալիս առաջընթացը, Արթուր Ղազինյանն ասաց. «Եթե լիներ այդ հարյուր փաստը, ապա այդ հարյուր փաստը հրապարակելու կարիք չէր լինի: Եթե ամեն ինչ նորմալ է, կա բարեփոխումների օրակարգ, ապա ի՞նչ կարիք կա 3-4 ժամ հիմնավորումներ տալ: մարդիկ կզգային: Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ, գնահատականը կտան ՀՀ քաղաքացիները, թե ի՞նչ է փոխվել իրենց կյանքում»:

Կուսակցությունը ֆինանսավորվում է իրենց համակիրների եւ անդամների հանգանակություններից, որոնց անուններն Արթուր Ղազինյանն առայժմ չի հրապարակում: Գրանցումից հետո ֆինանսական միջոցների աղբյուրները կհրապարակեն:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած նոր ընդդիմության մաս չեն կազմելու, իրենք իրենց տեսլականներով են առաջնորդվելու:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031