Անցած տարվա իրադարձությունները ՀՀ-ի զարգացման հունը փոխելու հնարավորություն են տվել, իսկ ժողովուրդը իշխանության եկած քաղաքական ուժին թաքնված պատգամ թողեց` ապագայի մասին մտածել, վերջ տալ ներկայի եւ անցյալի կռվին: Սակայն, ՀՀ-ի նոր իշխանությունը այդ պատգամը չընկալեց: Այսօր կայացած «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի իր ելույթում ասաց կուսակցության հիմնադիր խմբի ղեկավար Արթուր Ղազինյանը: Նրա դիտարկումներով՝ այսօր Հայաստանում ապագայի համար պայքարը կրկին պարտություն կրեց, մենք նորից ներկայի ու անցյալի հոգնեցուցիչ պայքարի մեջ ենք: Գործող իշխանությունը մնացը մերժված իշխանությունների «հմուտ քննադատ» տրամաբանության մեջ:
Բանախոսի դիտարկմամբ՝ այժմ մեր պետությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին բարդ մարտահրավերների եւ ջրբաժանի առաջ է կանգնած, որից երկու ելք կա` կառուցել հզոր, զարգացած, ապագային միտված պետություն, կամ` կրկին տանուլ տալ: Իրենք առաջին թեզի կողմնակիցներն են: Արթուր Ղազինյանի դիտարկումներով, անցած երեսուն տարիների ընթացքում մեր քաղաքական կյանքը «ընդդեմ» գաղափարախոսությամբ է կառուցված եղել, նաեւ մեզ չի հաջողվել քաղաքական մշակույթ ձեւավորել: Իրենք այսօր ջանալու են քաղաքական դաշտ նետել «հանուն» գաղափարախոսությունը. Հանուն ՀՀ ազգային եւ պետական շահի: Նա նկատում է, որ քաղաքական կապիտալը Հայաստանում ձեւավորվում էր ոչ թե ապագայի ծրագրերի ու տեսլականների հիման վրա, այլ նախկին իշխանություններին հմուտ քննադատելու ուղով, ինչին էլ թույլ չտվեց քաղաքական օրակարգ ձեւավորել: Բայց, միաժամանակ, այդ կերպ ձեռք բերված քաղաքական կապիտալը «հոսող ավազ է, որի վրա դու կանգնած ես»:
Կարդացեք նաև
«Հանունը դժվար է, բարդ է, պետք է համոզել, գաղափար եւ էներգիա տալ: Ընդդեմի շուրջ արագ են հավաքվում մարդիկ, նույնքան էլ արագ իրենց քաղաքական առաջնորդին ու թիմին մենակ են թողնում»,- ասաց բանախոսը` քաղաքական կուսակցություններին հորդորելով իրար օգնելով ապագայի օրակարգ ձեւավորել, ոչ թե միմյանց ոչնչացնելով սեփական քաղաքական ամբիցիաները ժամանակավորապես բավարարել: «30 տարի Հայաստանի ժողովուրդը ներկայի եւ անցյալի միջեւ է ընտրություն կատարել»,- ասաց նա` նկատելով, որ թե ներկաները, թե նախկինները սա հօգուտ սեփական քաղաքական ամբիցիաների բավարարման են օգտագործել` հաճախ նաեւ մանիպուլյացիաների դիմելով: Բայց թե ի՞նչ ժառանգություն ենք թողնելու մեր երեխաներին, սրա համար բոլորս ենք պատասխանատու լինելու: Բանախոսի դիտարկմամբ` առկա ազատ քաղաքական տարածքը պետք է լցնել ազնիվ, բարոյական փոխհարաբերությունների ձեւավորմամբ։
Կուսակցությունն առաջարկելու է ազգային անվտանգության նոր դոկտրին ստեղծել` բոլոր ուժերի հետ համաձայնեցված: Արցախյան հարցում, մադրիդյան սկզբունքները հնացված են համարում, այն տեսքով եւ դրսեւորումներով, որոնք առկա են այսօր: Գտնում են, որ նոր սկզբունքներ են պետք, որտեղ ամրագրված կլինի նաեւ համաձայնությունից հետոյի իրավիճակը: «Մեկ Հայաստանի» պատկերացրած տնտեսական մոդելն ազատականն է: Հայկական ինքնության հիմքն էլ համարում են պետությունն ու եկեղեցին: «ՀՀ-ից դուրս ապրող հայերը պետք է հպարտ լինեն իրենց հայ լինելով` ՀՀ-ն էլ պետք է լինի դրա երաշխավորը: ՀՀ-ն եւ Արցախը լինելու են քարտեզի վրա: Այս ուղերձը հստակ պետք է լինի»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ