Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ եղած ժամանակների, երբ մարդուն բարեւի համար սպանում էին, այսօր այլեւս Հայաստանում խոսքի ազատություն է»

Մայիս 18,2019 13:30

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ Քոչարյանի դատավարության, «Լուսավոր Հայաստանի» հետ հարաբերությունների եւ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին:

«Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, ՔՊ-ի վարչության առաջիկա ընտրություններին, ՀՀ ԱԺ-ի վարկանիշի անկմանն ու այլ հարցերի:

-Ի՞նչ գնահատական կտաք դատավարությանը. բավականին ակտիվ են Ռոբերտ Քոչարյանի համակիրները: Լեւոն Քոչարյանը, սլաքներն ուղղելով դեպի Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց՝ տասը զոհերին փորձում են օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

-Դատավարությունը դեռ նոր է սկսվել. չեմ կարծում, որ պետք է կամ արժե ինչ-որ կարծիքներ հայտնել: Այն, որ իրենք պաշտպանվում են եւ պաշտպանվելու էին, կասկած անգամ չկա: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ եղած ժամանակների, երբ մարդուն բարեւի համար սպանում էին, այսօր այլեւս Հայաստանում խոսքի ազատություն է, եւ քաղաքացիներն ազատ են իրենց դիրքորոշումը հայտնել: Հուսով եւ ցանկանում եմ, որ այդ ամենը չազդի դատավարության ընթացքի վրա, որ դատարանը որոշում կայացնի՝ ելնելով օրենքից եւ Սահմանադրությունից:

-Եթե անգամ դատարանը որոշում կայացնի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, Դուք վտանգներ չե՞ք տեսնում, որ հասարակական լուրջ ընդվզում կլինի:

-Ես ինձ իրավունք չեմ վերապահում դատական գործընթացներում, առավել եւս որոշումներում ինչ որ բաներ փնտրել: Այն, որ այս դատավարությունն աղմկահարույց է, որ սա լայն շրջանակներ է ներառում, դա էլ է այդպես: Եղել են զոհեր, զոհերի ընտանիքներն արդարադատություն են պահանջում: Իրենց այս վերաբերմունքը հասկանալի եւ արդարացված է: Չեմ ուզում առաջ անցնել ու նման եզրակացություններ անել: Եթե դատավորը կգտնի, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելը կխոչընդոտի գործի ընթացքին, կվարվի այնպես, ինչպես վարվել է, եթե կգտնի, որ չի խոչընդոտում, գուցե ազատելու որոշում կկայացնի: Ոչ մեկ մտադրություն չունի այսօրվա Հայաստանում ինչ-որ մեկին դիտավորյալ պահել կալանքի տակ: Այն, ինչ շահարկում եւ օգտագործում է պարոն Քոչարյանի թիմը, անհիմն է:

-Համացանցում որոշ կարծիքներ կան, որ ժամանակին մերժում էին Սերժ Սարգսյանին, բայց հիմա ստացվեց այնպես, որ Ռոբերտ Քոչարյանին ազատազրկելու խնդիր է դրված: Չե՞ք կարծում, որ սա հաշվի առնելով հասարակությունն ինչ-որ պահի կսկսի հիասթափություն ապրել:

-Ուզում եմ հասկանալ. հասարակությունն ուզում է, որ լինի քաղաքական հետապնդում ինչ-որ մեկի հանդեպ, որը դուր չի՞ գալիս իշխանությանը կամ հասարակությանը, թե՞ հասարակությունն ուզում է, որ լինի արդարադատություն: Ամենեւին, իմ ասածն այն մասին չէ, թե Սերժ Սարգսյանը մաքուր է եւ չունի հանցանքներ, բայց մարդուն բերել դատարան միայն նա համար, որ նա քեզ դուր չի գալիս, դա ճիշտ չէ: Եթե կլինեն գործեր, որոնք կբերեն նրան, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ հանցագործություն է արել, անկախ նրանից՝ ով է, ՀՀ ցանկացած մարդ, որն օրենք է խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի: Առաջ է եկել մարտի 1-ի գործը, պատասխանատվության կանգնած են այն մարդիկ, որոնք առնչվել են դրան: Կբացահայտվի այլ գործ, ես վստահ եմ նույն պատասխանատվության առաջ կկանգնեն մյուս մարդիկ:

-Բավականին լարված վիճակ է Քոչարյանի գործը քննող դատարանի առաջ հասարակության երկու թեւերի միջեւ՝ մի մասը Քոչարյանի աջակիցներ են, մյուսները՝ հեղափոխության ներկայացուցիչները: Սա նորմա՞լ վիճակ է եւ դա վտանգավոր չէ՞: Դուք անհանգստացած չե՞ք:

-Բնական է, որ ահանգստացած եմ: Պատճառը պիտի հասկանանք: Տասը տարի երկրում մարդիկ ցանկացել են արդարություն եւ արդարադատություն կոնկրետ գործի հետ կապված: Այդ գործն այնքան լայն շրջանակներ է ներառում, որ, բնական է դեմ մարդիկ, որոնք հավաքված են, նրանց մեծ մասը զոհվածների հարազատներն են: Այլ բան չէր էլ կարող լինել, լրիվ նորմալ գործընթաց է, որ մարդիկ հետաքրքրված են իրենց հարազատների սպանության գործով ընթացող նորություններով: Մի ուրիշ հարց կա՝ հայտարարություններ արվեցին, որ մարդկանց կաշառք են առաջարկել, որ կոնկրետ վայրից գումար են տվել ու բերել այդտեղ ակցիային մասնակցելու: Տեսա հայտարարություն. մի քաղաքացի ասում է, որ իրեն դրդել են Նիկոլ Փաշինյանի դեմ ցուցմունք՝ տալ հակառակ դեպքում նա ընտանիքը չի տեսնի: Ավելի շատ այդտեղ եմ խնդիրը տեսնում: Այդտեղ ներկա են ոստիկաններ, որոնք պետք է հենց դա ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ գնան այդ ուղղությամբ: Նման հայտարարություններն օդի մեջ չպիտի մնան, խնդիր եմ տեսնում, որ օդի մեջ են մնում:

-Տիկին Պողոսյան, հիմա հանդա՞րտ են Ձեր հարաբերությունները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Ես բացառիկ դաստիարակված մարդ եմ եւ կարողանում եմ քաղաքական դեբատներն ու վիճաբանությունը, հակասությունները տարբերել եւ չբերել անձնական դաշտ: Մեր բանավեճի հենց հաջորդ օրը հանդիպել եմ պարոն Բագրատյանին, եւ նա հոգատարությամբ հարցրեց՝ արդյոք ես իրենից նեղացած չե՞մ: Պատասխանեցի՝ ոչ, դա անձնական չէ, այլ քաղաքական եւ իրավական գործընթաց, որն անձնականի հետ կապ չունի: Ոչ մի տեսակ լարվածություն չունեմ պարոն Բագրատյանի հետ, ես խնդիր ունեմ արդարության եւ արդարադատության կայացման հետ:

-«Լուսավոր Հայաստանի» հե՞տ ինչու հարթ չի ընթանում «Իմ քայլի» համագործակցությունը խորհրդարանում:

-Բոլորի մասին ասել չեմ կարող, այլ միայն իմ փոխարեն: «Լուսավոր Հայաստանի» կորիզը կազմող մարդկանց հետ բախտ ենք ունեցել ճանապարհ անցնել, եւ որքան էլ դա մոռացության մատնվի, ես այն մարդն եմ, որ չեմ կարող ներել թիմակիցների դավաճանությունը: Ինձ համար մեկ տարի առաջ «Լուսավոր Հայաստանի» արած քայլը թիմակիցների դավաճանություն էր: Կոնկրետ չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց այն փակագծերը, որ իրենք են բացել՝ երրորդ ճանապարհ փնտրելը, Սերժ Սարգսյանի կառավարությունում իշխանական պորտֆելները վերցնելը եւ ներսից լինելով փոքր ընդդիմություն, ընտրված ճանապարհով չգնալը, այդ բոլոր հայտարարությունները միտված էին հասարակությանը պառակտելուն: Ես էլի նորմալ կվերաբերվեի, որ մարդիկ իրենց դիրքորոշումն ունենային՝ փողոցային պայքարը չեն տեսնում խնդրի լուծում ու չեն միանում: Բայց իրենց հայտարարությունները, որոնք բերում էին շարժման պառակտմանը, ես ներել չեմ կարող: Բայց էլի, ոչ մի խնդիր չկա, մենք հանձնաժողովներում ենք իրար հետ աշխատում, եթե հարցն աշխատանքային է, խնդիր չկա, իսկ եթե հարցն անձնական է, ես իրենց հետ անցնելու ճանապարհ այլեւս չունեմ:

-Բավականին վառ է Աբովյանի օրինակը, երբ մարզպետը խառնվում է համայնքի ընտրություներին եւ բացահայտ քարոզչություն անում թեկնածուներից մեկի օգտին: Արդյոք ՔՊ-ն Աբովյանում ինքնահաստատվելու խնդի՞ր ունի:

-2018-ին մենք երկու խոշոր ընտրություն ունեցանք՝ Երեւանի եւ ԱԺ ընտրությունները: Երկուսի դեպքում էլ տեսանք, որ հնարավոր եղավ անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ՝ առանց բռնաճնշումների, գումարի բաժանման, առանց այն ամեն վատ սովորույթների, ինչ տեսել ենք 20-25 տարի շարունակ: Վստահ եմ, որ Աբովյանում նույն կերպ կանցնեն ընտրությունները՝ ազատ, արդար թափանցիկ: Իսկ թե որ թեկնածուն որքան ձայն կհավաքի, ցույց կտա Աբովյանի քաղաքացիների վստահության քվեն: Այս կամ այն թեկնածուին սատարելը կամ թեկնածու ունենալը չեմ կարծում՝ վատ է: Նույն տրամաբանությամբ՝ ԱԺ-ում, եթե ասում ենք այս թեկնածուն «Իմ քայլից» է, ուրեմն քարոզչությո՞ւն ենք անում: Այլ բան է, եթե հանկարծ օգտագործվեն լծակներ օգնելու այդ թեկնածուին, ինչը ես բացառում եմ: Ես Ռոմանոս Պետրոսյանին առաջին օրը չէ, որ ճանաչում եմ: Նա բացառիկ ազնիվ տղա է եւ ամբողջ կյանքը կռիվ ու պայքար է տվել ազատ, անկախ, թափանցիկ ընտրությունների համար: Բացառում եմ, որ մարզպետի կողմից որեւէ ճնշում կամ միջամտություն լինի այս հարցին:

-ՔՊ առաջիկա վարչության կազմի հետ կապված անուններ են շրջանառվում: Այս պահին ի՞նչ է կատարվում ՔՊ-ում իրականում:

-Այս լուրերն իմ ժպիտն են առաջացնում: Այստեղ նախկին բարքերն են դեր խաղում: Ընտրությունը դեռ չի եղել, եւ ինչ-որ մարդիկ եզրակացնում են, թե ով է լինելու վարչությունում, ով՝ ոչ: Ընտրությանը մասնակցելուէ ՔՊ թիմը. կուսակցականներ, որոնք ընտրություն են կատարելու, ընտրությունը երբեք կասկածի տեղիք չեն տվել եւ այս անգամ էլ չեն տալու: Թեկնածուներից որը որքան վստահություն ունենա եւ ավելի շատ աջակցություն կունենա թիմի ներսում, նա էլ վարչության անդամ կընտրվի: Ուրիշ ոչ մի տեխնոլոգիա, մեթոդ ՔՊ-ում չի աշխատում: Մի պարզ մոտիվացիա ունեմ՝ հնարավորություն ունենալ կուսակցության հետագա աշխատանքներին ավելի սերտորեն եւ ներսից ազդեցություն ունենալ:

-GALLUP International Association-ի հարցումներով՝ ամենացածր վարկանիշն ունի ԱԺ-ն: Սա անցյալից եկած ինչ-որ իրավիճակով պայմավորվա՞ծ էր թե՞ ՔՊ-ում էլ թերացումներ կան, կամ գուցե Նաիրա Զոհրաբյանը ճի՞շտ էր, որ որոշ մարդիկ պատահական են հայտնվել ԱԺ-ում:

-Գործադիրի ցանկացած քայլ անմիջական ազդեցություն է ունենում, եւ քաղաքացիները տեսնում են այդ ազդեցությունը: Նախագահը դրական կերպար է եւ դրական պիտի ընկալվի: ԱԺ-ի դեպքում, ամենայն հավանականությամբ, քաղաքացիները շատ լուրջ եւ արագ փոփոխություններ էին սպասում, ինչը գուցեեւ իրենց պատկերացումներում չի լինում: Դրա մասին մենք պետք է մտածենք: Այն օրենքները, որ ԱԺ-ն ընդունում է, դրանց ազդեցությունը միանգամից չի լինում: Այդ հարցման արդյունքներն ինձ համար էլ են հարցեր առաջացնում, պետք է հասկանանք, թե ինչ են քաղաքացիների սպասելիքները, որ չենք արդարացնում եւ աշխատենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ապա նրան կոչ կանեմ իրենց ցուցակն ու պատգամավորների անունները մի հատ նորից կարդա եւ հետո հայտարարություն անի, թե ով է պատահական անցել ԱԺ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031