Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց կլինի՝ դատախազին տամ, դատավորին չտամ»

Մայիս 18,2019 13:00

Համաներված փաստաբանը վերաքննիչ բողոք ունի

Իրինա Մանուկյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ՍԴ3/0208/01/15 դատական գործով ամբաստանյալ, կալանավոր Արթուր Մկրտչյանին արգելանքից ազատելու եւ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար իր պաշտպանյալի մորից ստացել է 1.000.000 ՀՀ դրամ՝ դատախազին, դատավորին տալու համար, սակայն չի փոխանցել, հափշտակել է այն:

Իրինա Մանուկյանը 2000 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր եւ Կապանում ունեցել է գրասենյակ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարի կիրառել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թ. նոյեմբերի որոշումը ամբաստանյալ մոր՝ Անահիտ Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է: Իրինայի նկատմամբ պատժին հաշվակցելով թողել է կրելու ազատազրկում՝ 2 տարի 9 ամիս 22 օր ժամկետով: Վերջինի նկատմամբ նույնպես տարածվել է համաներումը:

Անահիտ Մկրտչյանը դատարանում հայտնել է, որ փաստաբան Իրինա Մանուկյանին ճանաչել է որպես շենքի բնակիչ, չնայած դրան, նրա կամ նրա ընտանիքի անդամների հետ մոտ շփում չի ունեցել:

Չինացի Ջինգ Շուի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` նրա անձնական իրերի եւ գումարի խոշոր չափերով բացահայտ հափշտակություն կատարելու կասկածանքով որդին՝ Արթուր Մկրտչյանը ձերբակալվել էր: Որդին դիմել է փաստաբան Իրինա Մանուկյանին: Փաստաբանը պատրաստել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի մեկ օրինակ` 400.000 ՀՀ դրամ արժեքով, որը որդին ստորագրել է, իսկ մյուս օրինակը փաստաբանը խոստացել է հետագայում տրամադրել՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը:

Ըստ գործի նյութերի, Արթուր Մկրտչյանին ներկայացվելուց հետո Իրինա Մանուկյանը զանգել է Անահիտ Մկրտչյանին եւ առաջարկել հանդիպել իր գրասենյակում:

Ամբաստանյալի ամբաստանյալ մայրը հայտնել է, որ Իրինան իրեն ասել է, թե կարող է դատախազի հետ պայմանավորվել եւ պահանջել է իրեն տալ 500.000 ՀՀ դրամ, որ ինքը համաձայնության գա դատախազի հետ՝ Ա. Մկրտչյանի նկատմամբ տուգանք պատժատեսակը նշանակելու, իսկ չստացվելու դեպքում, պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ:

Մայրը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղից վերցված 1.211.000 ՀՀ դրամ վարկի գումարից վերցրել է 500.000 ՀՀ դրամը, գնացել է փաստաբան Մանուկյանի գրասենյակ, իր ասելով՝ առձեռն նրան փոխանցել նշված գումարը` 25 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներ: Նա վերցնելով գումարը` ասել է, որ կհանդիպի համապատասխան անձանց, Ա. Մկրտչյանի նկատմամբ տուգանք պատժատեսակ նշանակվի եւ նա դատական նիստերի դահլիճից ազատ կարձակվի:

Ի դեպ, ըստ գործի նյութերի, Իրինա Մանուկյանը հանդիպել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալ, գործով մեղադրող Գարիկ Դանիելյանին եւ խոսակցություն ունեցել նրա հետ նշված գործի հետ կապված, մեղադրողը պատասխանել է, որ տուժողն օտարերկրյա քաղաքացի է, այդ գործը մեծ հնչեղություն ունի, իսկ մնացած մասով իր դիրքորոշումը կհայտնի դատարանում:

Հանդիպել են դարձյալ փաստաբանի հետ, որն ասել է ամբաստանյալի մորը, թե «նախկինում տրված գումարը տվել է», սակայն «պետք է դատավորին նույնպես գումար տա` ասելով, թե «ոնց կլինի՝ մեկին տամ, մեկին չտամ», եւ պահանջել է իրեն տալ եւս 500.000 ՀՀ դրամ»: Պայմանավորվածության համաձայն, Անահիտ Մկրտչյանը Արտյոմ Մկրտչյանի վարած ավտոմեքենայով գնացել է Իրինա Մանուկյանի հոր տուն, բնակարանում հանդիպել Իրինա Մանուկյանին եւ 500.000 ՀՀ դրամը, առձեռն տվել նրան: Ի՞նչ է կատարվել դատարանում:

«Պայմանավորված» արագացված դատաքննությունը տեղի չի ունեցել, մեղադրողն էլ միջնորդել է որպես պատիժ նշանակել 3 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ դատարանը նշանակել է 3 տարի 3 ամիս: «Պայմանավորված» արագացվածի ժամանակ Արթուրը պետք է մեղավոր ճանաչեր իրեն, սակայն շփոթվել է, միջնորդությունն այդ պատճառով չի բավարարվել: Փաստաբանն, ըստ գործի նյութերի, արդարացել է, ասել, որ Արթուրի պատճառով է տապալվել հարցը, նաեւ հույս տվել, թե վերաքննիչ բողոք կներկայացնի:

Սակայն մայր ու որդի գնացել են գրասենյակ եւ փաստաբանից պահանջել վերադարձնել 1.000.000 ՀՀ դրամը: Իրինան ասել է՝ կվերադարձնի: Սակայն չանցած մի քանի օր, երբ գնում են գումարը վերցնելու, Իրինան ասում է, թե երեք ամսով կարող է իր պաշտպանյալի վրայից «թափի», քանի որ սպասվում է համաներում:

Ինչը, իհարկե, չի համոզել երկրորդ ամբաստանյալին, եւ նա նույն օրը գնացել է Սյունիքի մարզի դատախազություն եւ տվել հանցագործության մասին հաղորդում:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Իրինա Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ որոշումը բեկանվել է` Իրինա Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացվել է եւ նա ազատվել է կալանքից, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Փաստաբան Մանուկյանը նախաքննության եւ դատաքննության փուլում իրեն մեղավոր չի ճանաչել, նա դատաքննության փուլում հրաժարվել է ցուցմունք տալ:

Դատարանը հրապարակվել է Իրինա Մանուկյանի` նախաքննության եւ նախորդ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Նա չի ճանաչել իր պաշտպանյալի մորը: Նրա նախաքննական ցուցմունքի համաձայն, իր հիշելով՝ իր պաշտպանյալի եղբայրը գրասենյակ է բերել մեղադրանք առաջադրելու որոշումը եւ կալանքի որոշումը. «Իր հիշելով՝ արդեն իսկ տպված պատրաստի ձեւաթղթի վրա կազմել է պայմանագիր: Գրեթե միշտ պայմանագրերը կազմում է ձեւաթղթի մեջ լրացնելով պայմանագրի կողմի տվյալները, վստահորդի տվյալները, ծառայության տեսակը, գինը, վճարման ժամկետը: Ինքը՝ որպես պայմանագրի գին առաջարկել է 400 000 ՀՀ դրամ, որը չի առարկվել եւ նրանք ընդունել են, հենց այդ թիվը գրանցել է պայմանագրի միջ, երբեւէ որեւէ փոփոխություն չի կատարվել: Պայմանագիրը ստորագրել է պաշտպանյալիս եղբայրը»: Ըստ նրա, հերթական անգամ իր գրասենյակ է այցելել Անահիտը եւ հայտնել, թե որդու համար իրենք պատրաստ են ամեն ինչի, տալ ցանկացած գումար. «աչքիս ոչինչ չի երեւում»: Նա ասել է, թե կփորձի անել ամեն ինչ, իսկ մի քանի օր անց, գալով գրասենյակլ, տիկին Անահիտը հայտնել էր, թե. «500.000 ՀՀ դրամ գումար է կարողացել գտնել, վերցրու, տես՝ ինչ ես անում»: Երկրորդ գումարը վերցնելու ժամանակ հիշում է, որ բառացի ասել է, թե կփորձի հարցերը կարգավորել, չի կոնկրետացել, նրանք էլ հարցեր չեն տվել:

Փաստաբանը պահանջում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. նոյեմբերի 15-ի դատավճիռը, կարճել քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Բողոքի քննության համար երեք նիստ է հրավիրվել, եւ երեքն էլ չի կայացել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031