Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոու-բիզնեսն ինձ «տարավ», բայց չհաղթեց»

Մայիս 18,2019 12:30

Հարցազրույց բազմաժանր ստեղծագործող Ռիչարդ Մադլենյանի հետ

– Ձեր ստեղծագործական գործունեությունը հաշվվում է շուրջ 15 տարի: Այն սկսեցիք դասական երգարվեստում, հետո տեղափոխվեցիք շոու-բիզնես, հիմա էլ, ըստ մեր տեղեկությունների, հրավիրված եք Ազգային օպերային թատրոն՝ առաջիկայում գլխավոր դերերգով հանդես գալու Հայաստանում առաջին անգամ կատարվող Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերային ներկայացմանը: Հիշում ենք նաեւ ժամանակին ձեր մասնակցությամբ 1-2 դասական երեկոները եւս: Այսքան տարիների ընթացքում դեռ չե՞ք կողմնորոշվել:

-Ես ի սկզբանե եմ կողմնորոշվել: Իմ դեպքում ամեն ինչ գիտակցված է եղել, պարզապես մեր երկրում գործունեություն ծավալելով դասական ցանկացած արվեստի ոլորտում, նորմալ չես ապրի: Սա է իրականությունը… Արցախում պարտադիր զինվորական ծառայությունս ավարտելուց հետո 2006-07թթ. անմիջապես մեկնել եմ Իտալիա եւ կատարելագործվել Պեզարո քաղաքի Մարիո դել Մոնակոյի եւ Ռենատա Տեբալդիի անվան վոկալ բարձրագույն ակադեմիայում: Վերադարձից հետո ինձ ոչ միայն հաջողություններ էին սպասվում շոու-բիզնեսում, ավելին՝ պահանջվածություն…, ինչը ենթադրում է բարձր վարձատրություն: Ստեղծագործել եմ այդ ոլորտում գործող երաժիշտների շուրջ 80 տոկոսի հետ: Այո՛, հանդես եմ եկել նաեւ դասական նախագծերում, օրինակ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հրավերով կատարեցի բասի պարտիան Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարման ժամանակ: Հիմա էլ գերմանաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը, որը «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի դիրիժորն է (պրեմիերաները նշանակված են մայիսի 29, հունիսի 4), նույնպես հրավիրել է ինձ բասի պարտիան կատարելու համար:

-Ձեր խոսքերով՝ «նորմալ ապրելու համար», այնուամենայնիվ, շոու-բիզնեսը…

-Թույլ տվեք ավարտել հարցը. ուզում եք ասել՝ ինձ «տարա՞վ», կամ «կլանե՞ց»: Պատասխանեմ՝ այո՛, բայց չհաղթեց:

-Վերադառնանք շոու-բիզնես. ձեր կարծիքով՝ հիմա, մեծ հաշվով, ինչո՞ւ է այդ ոլորտում լռություն տիրում:

-Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում շոու-բիզնեսը մերձկառավարական ուժ է համարվում: Մեզ մոտ էլ այն բացառություն չէր կարող լինել: Հետեւաբար հայաստանյան հեղափոխությունից հետո մարդկանց կարծես սկսեց չհետաքրքրել շոու-բիզնեսը…

-Ինչ է, մարդիկ «թեքվեցին» դասակա՞ն արվեստ…

-Ոչ: Շոու-բիզնեսը հիմնականում դա կառավարությունն է եւ օլիգախները: Վերջիններս հեղափոխությունից հետո լռել են, լռել են նաեւ նրանց «ցուցադրական» միջոցառումները: Իսկ դա նշանակում է, որ նվազել է կամ չկա պատվիրատու:

– Այդ դեպքում շոու-բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ձեզ համար, միանշանակ վատ է՝ սնանկացել եք:

-Դեռ ոչ, բայց եթե այսպես շարունակվի, բոլորս կսնանկանանք:

– Նկատենք, որ ձեր բախտը բերեց՝ «եկել» եք «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս», որ չսնանկանա՞ք…

-«Ճանապարհորդում» եմ դեպի Ռեյմս, որ ավելի սնանկանամ: Գոնե դա կլինի հանուն արվեստի (ժպտում է-Ս.Դ.):

-Անկախ ստեղծագործական ոլորտից, դուք որպես նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչ, կարծում ենք, որ արդեն գրանցվել եք որպես հարկատու:

-Այո՛, ինչի համար ուրախ եմ: Մեր իրականությունում սա ընդամենը սկիզբն է, իսկ, ասենք, 20 տարի հետո կկանոնակարգվի այս դաշտը:

-Քանի որ այդ գործընթացը մեր երկրում նոր-նոր է սկսվել, գուցե վրիպում կամ թերություն նկատած լինեք այդ դաշտում:

-Պետությունը պետք է իդեալական պայմաններ ստեղծի, պաշտպանելով հարկվողների իրավունքը: Եթե ես հարկատու եմ եւ ստեղծագործություններս առանց բացառության ամեն օր հնչում են զվարճանքի վայրերում, ինչո՞ւ դրա արդյունքում ունեմ 0% մասնաբաժին: Ստացվում է, որ գողանում են իմ «ապրանքը», վաճառում, իսկ գողին չեն բռնում: Մտահոգությունս սա է:

Մի բան էլ. այն երգերը, որ ժամանակին համարվում էին անճաշակ, որակվում ռաբիս, այսօր դրանք դարձել են քաղաքային ֆոլկ…

-Որպես բազմաթիվ երգերի հեղինակ՝ վերջին 30 տարիներին հիմնականում ի՞նչ երգեր ենք լսում… Անցյալ դարի կեսերից մինչ օրս էլ սիրով ունկնդրում ենք Բաբաջանյանի, Օրբելյանի, Ամիրխանյանի, Սաթյանի եւ այդ ժանրում ստեղծագործած մեր մյուս կոմպոզիտորների երգերը: Իսկ այսօ՞ր… Նկատենք, որ մեր օրերում, կոնկրետ ձեր երգերից էլ կան պահանջվածներ յութուբում: Ստացվում է՝ ունեք լայն լսարան, բայց ոչ բարձր, դասական արվեստի:

-Իսկ ո՞վ է ասում, որ օպերա, սիմֆոնիա ու նման բարձրարվեստ երկերը պետք է լսեն ժողովրդի 100 տոկոսը: Իսկ ձեր հնչեցրած կոմպոզիտորների երգերը պարզապես ճաշակով են արված ու գրված: Բայց դա արդեն պատմություն է եւ այդ մասին կխոսենք, երբ սովետից մնացած վերջին մարդը հեռանա այս իրականությունից ու սկսի ապրել երկնային կյանքով:

-Հույս ունեք, որ հիսուն տարի կամ մեկ դար անց ձեր որոշ ստեղծագործություններ էլ կորակվեն որպես քաղաքային ֆոլկ, այդպիսով կանմահանա Ռիչարդ Մադլենյան ստեղծագործողի անունը:

-Առանց մեկնաբանության…

Զրուցեց

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

17.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031