Օրերս Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ սերբ բանաստեղծուհի Դեսանկա Մաքսիմովիչի «Երազների գերին» ժողովածուի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր գրողի ծննդյան 120- ամյակին: Գիրքը թարգմանել է գրող, թարգմանիչ Գեւորգ Խաչատուրը:
Ներկայացվեց բանաստեղծուհու ստեղծագործական ուղին, նրա մասին հետաքրքիր փաստեր. գրողը սիրում էր, երբ իրեն անվանում էին ուղղակի Դեսանկա: Հատուկ միջոցառումների գնալիս նա միշտ կրում էր հատուկ գլխարկ, սերբերը իրեն այդպես էին ընդունում, այդ գլխարկը կարծես նրա համար խորհրդանիշ լիներ: Դեսանկան շատ էր սիրում մանուկների հետ հանդիպել, խոսել, որովհետեւ մանկական շատ գրքեր էլ էր հրատարակել:
Միջոցառման ընթացքում կարդացին նրա ժողովածուի բանաստեղծություններից մի քանիսը՝ «Նախազգացում», «Սահման», «Ջահելություն», «Արյունոտ հեքիաթ»: Վերջինը ներկայացնում է 2-րդ աշխարհամարտի տարիներին գերմանացիների կոզմից սպանված դպրոցական երեխաների եւ ուսուցիչների ողբերգական մահը:
Դեսանկա Մաքսիմովիչը եղել է նաեւ Հայաստանում եւ այստեղ գտնվելու ժամանակահատվածում 3 օր իր բնակարանից փորձել է տեսնել Արարատ լեռը, որը ամբողջությամբ մշուշով էր պատված: Տեսնելուց հետո գրել է իր «Արարատ» բանաստեղծությունը:
Թարգմանիչ Գեւորգ Խաչատուրը իր խոսքում նշեց. «Դեսանկան ինձ հարազատ է: Նրա բանաստեղծությունները ինձ կլանել են ու բաց չեն թողնում: Բանաստեղծուհին այնպիսի անհատականություն է, որ ուզես- չուզես՝ պարտավոր ես նրան ճանաչել եւ կարդալ ստեղծագործությունները: Մի խոսքով, ես գործ եմ ունեցել համաշխարհային լիրիկայի հազվադեպ հանդիպող, խոշոր ներկայացուցիչներից մեկի հետ»:
ՄԵՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
17.05.2019