Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Մհեր Արղամանյան) մերժեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի բողոքը:
Նիստին՝ մարզում գտնվելու պատճառով ներկա չէր Մուշեղ Շուշանյանը: Aravot.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Մհեր Արղամանյանին և դատական կազմի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ինչպես նաև դատախազի դիրքորոշման վերաբերյալ գրավոր դիրքորոշում:
Մուշեղ Շուշանյանն ասաց, որ բողոքները մերժելու նպատակն այն է, որ ապօրինի դատական ակտերը կայացրած դատավորների՝ պատասխանատվությունից փրկելու խնդիր լուծեն. «Ազարյան Ալիկը մարտի մեկի մի շարք խայտառակ գործեր քննած դատավոր է: Խայտառակ դատավճիռներ կայացրած դատավոր է: Ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ մեղադրական դատավճիռներ է կայացրել: Եթե անգամ մեզ զերծ պահենք իր հանդեպ քրեական պատասխանատվության մասին խոսելուց, սա առնվազն իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իր՝ որպես դատավոր լիազորությունները դադարեցնելու լուրջ հիմք է: Էլ չեմ ասում մնացած դատավորների մասին, որոնք մարտի մեկի գործեր են քննել: Իրենց բոլորի նկատմամբ այդ հիմքերը կան: Իրենք իրենց, իրենց կոլեգաներին կոնկրետ փրկելու խնդիր են լուծում ու նաև որ ավելի կարևոր է, դա իրենց երևի թե հիմնական մոտիվացիան է, բայց դա այսպես ասած դատական իշխանության, դատական համակարգի իրենց ռևանշիստական, հակահեղափոխական ճամբարում հանդես գալու մասին է վկայում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ