Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ուշագրավ նորությունը՝ դպրոցի տնօրեններին

Մայիս 17,2019 19:33

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում հայտնաբերե՞լ է չարաշահումներ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում, և որևէ անգամ դիմե՞լ է դատախազություն։ Մենք խնդրեցինք նաև առանձնացնել ամենախնդրահարույց ոլորտը։

«Այստեղ խնդիրը պատժելու մեխանիզմը չէ, այլ որակյալ ծառայություն մատուցելն է, պետական գումարները ճիշտ, նպատակային օգտագործելն է, և ամեն ինչ պիտի անենք, որ այն ուռուցքը․ ուռուցքային հիվանդություն ուներ չէ՞ մեր իրականությունը, մեր պետության մեջ մենք ունեինք խնդիր, որի հիմնական մասից մենք կարծես ձերբազատվել ենք, որ հնարավոր մետաստազներ չունենանք։ Երբ որ նայում ենք պետական հիմնարկությունների առումով ամենագերակշիռ ոլորտը հանրակրթությունն է, թե՛ աշխատակազմի առումով, թե՛ գումարների առումով, թե՛ ռեսուրսների, և թե՛ խնդիրների առումով։ Այս տեսանկյունից հանրակրթության ոլորտի բոլոր խնդիրները՝ սկսած կառավարման բլոկի խնդիրներից վերջացրած որոշակի չարաշահումներով և ռիսկերով, շարունակական մեր ուշադրության կենտրոնում են։

Այս ընթացքում միջնորդությամբ առնվազն երկու դպրոցի տնօրենների հետ կապված գործընթացներ են տեղի ունեցել։ Այսինքն` ես ստացել եմ դատախազի միջնորդությունը՝ կապված դպրոցներից մեկի տնօրենի, և հետագայում նաև կրթության նախարարից եմ գրություն ստացել։ Կային նաև գործընթացներ, որոնք գնում էին դպրոցներից մեկում, այդ ընթացքում տնօրենը դիմում տվեց աշխատանքից ազատման։

Մի քանի մտահոգիչ դրույթներով մենք քննարկումներ ենք ունենում, ես մի դպրոցի հետ կապված դատախազությանը ներկայացրել եմ մեր մտահոգությունները, ընթացքի մասին իրենք կտեղեկացնեն։ Մենք հետևողական աշխատում ենք այսօր դպրոցների հետ, և ես որպես մարզպետ՝ մի քանի համակարգային մոտեցումներ եմ ներկայացրել մեր դպրոցներին, որոնք, իմ կարծիքով, սկզբունքորեն բացառելու են այն երևույթները, մտահոգությունները, որոնց մասին դուք ակնարկում եք։

Մարզպետի կողմից որևէ պետական հիմնարկում չի լինելու, չի եղել իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում և չի լինելու սրանից հետո պահակ, ուսուցիչ, աշխատակից, վարչական բլոկի աշխատող ուղղորդումներ։ Մենք հրաժարվել ենք այս մոտեցումից, չի լինելու, որովհետև այդտեղ խնդիր կար։ Երբ որ մենք ուղարկում ենք, թեկուզ որակյալ մարդուն, բայց մենք ենք ուղարկում ինչ-որ եղանակներով, հետո դա դառնալու է որոշակի կաշկանդվածություն այդ կազմակերպության ղեկավար մարմնի համար։ Այս պարագայում ամբողջ կադրային քաղաքականության ազատությունը տրվում է հիմնարկությունների տնօրեններին, ազատությունը, ոչ անարխիան, սա էլ է շատ կարևոր», -ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նա շեշտեց, որ սա սկզբունք է իր համար և առաջարկեց իր խոսքերի ճշմարտացիությունը ստուգել ցանկացած կառույցից։

Տիգրան Պետրոսյանը մեկ ուշագրավ տեղեկություն ևս հաղորդեց։

«Մյուս դրույթը տնօրենների հետ կապված, ես ներկայացրել եմ տնօրեններին․ մեզ համար շատ կարևոր են անցումները ընտրությունների փուլում, ավելորդ լարվածությունը, անձնական կամ այլ տեսակի ինտրիգները բացառելու համար գնալու են շատ սահուն գործընթացներ։ Այն տնօրենները, որոնք ժամկետի երկարացում են ակնկալում, այսինքն` իրենք տնօրինել են, հիմա ուզում են մասնակցել հաջորդ մրցույթին, մենք բոլորին խնդրել ենք, որ այս ընթացքում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ չեն նշանակվի։ Այսինքն` մի պահ կդադարի իրենց գործունեությունը որպես տնօրեն, իրենք ազատ են մասնակցելու մրցույթին, կհաղթահարեն շեմը, կառավարման խորհրդի մաքսիմալ ձայներ կստանան, մեզ համար իրենք կշարունակեն մնալ որպես գործընկեր։

Այսինքն, այս պարագայում, կոպիտ ասած, մի պահից, պիտի փորձենք կանխարգելել, անմեղության կանխավարկածը չխախտելով, իհարկե, վարչական հնարավոր գործիքների օգտագործումը վերարտադրության առումով։ Մենք այս մոտեցումը ֆիքսել ենք, և հաջորդ մոտեցումը հետևյալն է, երբ որ ժամանակավոր պաշտոնակատար ենք նշանակում, երբ որ նայում ենք օրենքի կարգին, հիմնականում նաև քննարկում ենք, թե արդյո՞ք պաշտոնակատարը մտադրություն ունի մասնակցելու ընտրություններին, թե՞ ոչ, և նախապատվությունը տրվում է այն մարդուն , որը մտադրված չէ մասնակցել տնօրենի համար հաջորդ մրցույթին, որպեսզի այս ընթացքում իրենք զերծ մնան այլ լարվածություններից»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031