«Դատախազը վերջում նշեց, որ նախօրոք գիտեին, որ ցրելու են եւ զինվորներին տարել սովորեցնում էին՝ ոնց ցրեն միտինգները: Տրամաբանական շարքը շարունակեմ՝ եթե զինվորներին պետք է օգտագործեին միտինգները ցրելու համար, մարտի 1-ի սկզբում ոստիկաններ չէին բերելու եւ ցրելու, կբերեին էդ զինվորներին եւ զինվորները կցրեին»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով երեկ Քոչարյանի գործով դատական նիստին գլխավոր դատախազի հայտարարությանը՝ «Զինվորներին հատուկ պարապեցրել են՝ Մարտի 1-ի ցույցը ցրելու համար»:
Օրբելյանն ասաց. «Զինվորները միտինգ ցրելու գործընթացին, ըստ էության, չեն մասնակցել: Կոնտակտը եղել է շատ սահմանափակ: Բայց քանի որ ռիսկ կար, որ կարող է քաղաքացիական կամ զինված կամ չզինված ինչ-որ բախումների խնդիր առաջանալ, ելնելով միջազգային լավագույն փորձից, զինվորներին այդ կոնտակտին հանելուց առաջ պարտավոր էին տալ գոնե առնվազն սկզբնական վարժանքներ: Նույն մեղադրանքի բառերով փոխեմ՝ երբ որ սկզբում դեռեւս այս փաստը չկար, քննարկում էին՝ դե բա զինվորները ո՞նց կարող են հասարակական կարգ պահել, որովհետեւ իրենք, ի տարբերություն ոստիկանների, հատուկ ուսում չեն անցել: Ու հիմա, որ տեսնում են անցել են էդ «թրեյնինգը», ասում են՝ չէ, չէ, չէ, վատ է, որ անցել են էդ «թրեյնինգը»:
Անդրադառնալով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի հայտարարության՝ «առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ՝ բանակի», ասածին՝ այդ դրվագին առնչվում են. օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյան (Ալրաղացի Լյով), Օրբելյանն ասաց. «Գլխավոր դատախազն ասում է՝ նկատի ուներ Լեւոն Սարգսյանին: Դա պետք է գրված լիներ մեղադրանքի մեջ, ոչ թե դուրս գան ասուլիսների ժամանակ ասեն»:
Հարցին՝ «Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ասել էր՝ 2008-ին խորհրդարանում մեծամասնություն ունեցող վարչապետի լիազորություններն ավելի մեծ էին եղել, քան նախագահինը, նշանակում է, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվությունն այդ գործընթացում ավելի մեծ է, Օրբելյանը պատասխանեց. «Հիմա չեմ անդրադառնամ ով՝ ինչ պատասխանատվություն ուներ: Ընդամենը բացատրեմ, թե ինչի հետ էր դա կապված: Քանի որ մոտիվ էին ձեւավորում իշխանությունը հանձնելու հետ կապված, պարոն Քոչարյանը բավականին իրավաբանորեն ներկայացրեց՝ իշխանության հանձնման գործընթաց որպես այդպիսին չկա: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել՝ ոչ միայն գրված չի, ոչ թե ես ասում եմ չկա, այլեւ Սասուն Խաչատրյանը (ՀՔԾ ղեկավար) ուղղակիորեն ասել է՝ ընտրությունների կեղծման հարց չկա, չենք կարող քննարկել, չունենք եւ չենք գտնում, որ կեղծվել է: Դա պաշտոնական մեղադրական կողմի դիրքորոշումն է այս պահին: Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ մեղադրանքի մեջ, որ գրել եք իշխանությունը հանձնել, իշխանություն հանձնելու գործընթաց չկա: Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, որից հետո ամսի 9-ին կամ 10-ին ինքը իշխանությունը ստանում է Ազգային ժողովի նիստում: Ավելին, ինքը օրինակ բերեց՝ եթե այդ նիստը չլիներ, նենց չի, որ Քոչարյանը շարունակելու էր լինել նախագահ: Նախագահի գործառույթներն իրականացնելու էր Ազգային ժողովի նախագահը, որից հետո երբ կլիներ Սերժ Սարգսյանը, կստանձներ պարտականությունները: Ւնքը ուղղակի ասում էր՝ իշխանության հանձնման մոտիվ չկա: Ով է մեղավոր գործընթացներում, դատաքննության փուլում կքննարկենք: Ով է մեղավոր… մի նայեք թե՝ ով է մեղավոր մենակ կառավարությունից, այլ՝ ավելի լայն դիտարկեք»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ