Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. «Գորշ գոտիներ» եզրույթը անընդունելի է և այն որևէ դրսևորում չպետք է ունենա

Մայիս 17,2019 16:58

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին

Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Հարգելի գործընկերներ,

Նախ և առաջ, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար:

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարին Յագլանդին իր մանդատի ընթացքում գործադրած անխոնջ ջանքերի և այս Խորհրդի ապագային միտված մեծ տեսլականի համար: Շնորհակալություն և իմ խորագույն հարգանքները։

Ցանկանում եմ անդրադառնալ հինգ դրույթի:

Առաջին․ Եվրոպայի Խորհուրդն անվտանգության կազմակերպություն չէ, և անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին պետք է մոտենալ մարդու իրավունքների դիտանկյունից: Միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցումը, հատկապես, երբ դա արվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների անտեսման հաշվին, խարխլում է ժողովրդավարական անվտանգության գաղափարը: Այս սկզբունքն առավել հնչեղ արձագանք է ստանում «Ֆինլանդիա դահլիճում»՝ այս նույն պատերի ներքո 1975թ. հնչեցված ուղերձի հետ մեկտեղ:

Երկրորդ․ հակամարտության տարածքներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը և անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ։ Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը և դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: Չպետք է խոչընդոտվի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բոլոր մարդկանց պաշտպանության երաշխավորումը: «Գորշ գոտիներ» եզրույթը անընդունելի է և այն որևէ դրսևորում չպետք է ունենա:

Երրորդ․ զանգվածային վայրագությունների կանխարգելումը նույնպես  ընկած է ժողովրդավարական անվտանգության հիմքում։ Մենք պետք է վճռական լինենք զոհերի զրպարտումը և ոճրագործությունների արդարացումը դատապարտելու հարցում: Թուրքիայի նախագահն օրացույցի բոլոր օրերից հենց ապրիլի 24-ին արդարացրեց Հայոց ցեղասպանության զոհերի դեմ իրականացված հանցագործությունները՝ ցեղասպանության զոհերին անվանելով «հայկական հրոսակախմբեր և նրանց աջակիցներ», որոնց «տեղափոխումն ամենաողջամիտ գործողությունն էր»։ Սա անհանգստացնող, նախազգուշացնող նշան է բոլոր նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում զանգվածային վայրագությունների կանխարգելմանը։

Չորրորդ․ մեկ տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը և հայ ժողովուրդն ի ցույց դրեցին ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները և արժեքները: Վերջինիս հետևած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին հասարակության աջակցության և իր կողմից տրված ուժեղ մանդատի հիման վրա, Հայաստանը վերահաստատեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել չվիճարկված ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարությունը պաշտպանելու և խթանելու քաղաքական կամքը մեր կառավարության քաղաքականության առանցքն է: Մենք նաև ցուցադրեցինք, որ արժեքների և աշխարհաքաղաքականության նույնացումն  անտեղի  և վտանգավոր է:

Հինգերորդ․ մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների  և մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաև դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային և թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետևողական ապրապնդման կարիք ունեն: Ոչ մի հասարակություն և ոչ մի անդամ երկիր բացառություն չէ: Առավել քան երբևէ առկա է Եվրոպայի խորհրդի կարիքը: Դրա բոլոր կանոնադրական մարմիններն ամրապնդման կարիք ունեն, Խորհրդարանական վեհաժողովը պետք է լիովին մաքրվի կոռուպցիայից: Գլխավոր քարտուղարի զեկույցն արժանի է աջակցության՝ որպես բարեփոխումների համար նշանակալի և պարտադրող ճանապարհային քարտեզ: Ֆինանսավորման ներկա մակարդակի պահպանումը նվազագույն քայլ է այս կառույցի կայունությունն ամրապնդելու ուղղությամբ: 70-ամյա հոբելյանի ուղերձը բխում է ոչ միայն 1949թ. Լոնդոնի պայմանագրից, այլ նաև 30 տարի առաջ ավարտված Սառը պատերազմից: Մենք չենք կարող հետ վերադառնալ անցյալի տարաձայնություններին: Խորհուրդը և այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա այն կառուցված է, ունեն անդամների հանձնառության վերահաստատման կարիքը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ մեր լիակատար աջակցությունը հայտնել Ֆրանսիայի առաջիկա նախագահությանը։ Դրանց իրագործման հարցում դուք կարող եք ապավինել մեր աջակցությանը։ Մաղթում եմ ամենայն հաջողություն ձեր կարևոր նախաձեռնություններում։

Շնորհակալություն:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031