Քիչ առաջ դատարանը բավարարեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի գործով՝ Վաչագան Ղազարյանի հայցը:
Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ մեղադրվող Ղազարյանը վարչական դատարան է դիմել 2018-ի սեպտեմբերին, պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողություները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, և Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:
Aravot.am-ի հետ զրույցում Վաչագան Ղազարյանի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ՝ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովն այդ հայտարարագրերը պետք է ոչնչացնի ողջամիտ ժամկետներում: Նա մանրամասնեց. «Խոսքը 2017-ի տարեկան հայտարարագրի և 2018-ի պաշտոնի դադարեցման հայտարարագրի՝ էթիկայի հանձնաժողովի կողմից դրանք ընդունելն ու հրապարակելն էր: Վիճարկվում էր այն հիմքով, որ 2019-ի ապրիլի 8-ից օրենքով էլ այդպիսի պարտականություն դրված չի եղել Վաչագան Ղազարյանի վրա օրենքով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ