Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։
Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։
Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս հանգամանքը կենտրոնի գործունեությունը եզակի է դարձնում ինչպես Ղազախստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարների հետ խոսել է համագործակցության հնարավորությունների մասին: Կայրաթ Կելիմբետովն իր հերթին նշել է, որ իրենք ևս ցանկություն ունեն համագործակցելու Հայաստանի հետ և աշխատելու այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ակտիվների, մասնավոր իրավունքի կառավարումը, ֆինանսական տեխնոլոգիաները:
Կարդացեք նաև
Նշելով, որ տպավորված է կենտրոնի գործունեությամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կա տեսլական՝ ունենալու նման ինստիտուտ նաև Հայաստանում, ընդհանուր համագործակցություն հաստատել նաև ձեզ հետ: Մենք պետք է ուսումնասիրենք սա: Ես մեծապես տպավորված եմ և իմ տպավորությունները կիսելու եմ կառավարության ու Կենտրոնական բանկի հետ: Գուցե սկսենք մտածել, թե ինչ կարող ենք անել միասին»։
Նա նշել է, որ Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ, ուստի կարող է կամրջի դեր կատարել, ինչը համագործակցության պարագայում միայն դրականորեն կազդի ԱՄՖԿ գործունեության վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ