«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլի առաջին մրցանակակիր Մերի Պապյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ անչափ ոգեւորված է, քանի որ առաջիկայում մեկնելու է Չինաստան եզրափակիչ փուլին մասնակցելու:
Մերին ասաց, որ երրորդ անգամ է մասնակցում մրցույթին, որը կազմակերպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը եւ համակարգում է Կոնֆուցիուսի ինստիտուտը: «Վերջապես հաղթեցի, ինչի համար ուրախ եմ: Մրցանակը գավաթ էր, պատվոգրեր, նաեւ հեռախոս են նվիրել: Հետո հաղթողը մեկնելու է մասնակցելու աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք համաշխարհային փուլին»,-ասաց Մերին:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս սովորում է Երեւանի հենակետային բժշկական քոլեջի երկրորդ կուրսում, լիակատար տիրապետում է չինարենին, լեզուն սկսել է սովորել 13 տարեկանից, քույրը չինարենի թարգմանչուհի է: Հենց նրա խորհրդով է սկսել ուսումնասիրել չինարեն:
«Չինարենը շատ արդի լեզու է` անգլերենին հավասար, շատ կիրառելի է աշխարհում: Սկզբում մի քիչ դժվար էր սովորելը, որովհետեւ դասախոսս չինացի էր, հետո աստիճանաբար այդ բարդությունը հաղթահարեցի»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Ասաց նաեւ, որ «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլում 4 մրցանակ կար` առաջին, երկրորդ տեղեր, լավագույն մշակութային համար եւ լավագույն հռետորական ճառ: Եվս մեկին խրախուսական մրցանակ հանձնեցին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Մերի Պապյանը